Նոր հնարավորություններ ապագա մանկավարժների համար. ընդունվում են «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի հայտերը. «Դպրություն»

Կրթությունը պատասխանատվություն է, առաջնորդություն և համայնքներ փոխելու հնարավորություն։ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի Ուսուցիչ-առաջնորդների ծրագիրը երկամյա ինտենսիվ առաջնորդության դպրոց է, որը միտված է Հայաստանի համայնքներում կրթական անհավասարության հաղթահարմանը։ Սա պարզապես աշխատանք չէ, այլ սոցիալական ու կրթական փոխակերպման գիտակցված առաքելություն։

Ծրագրի հիմքում ընկած է «Աշակերտակենտրոն առաջնորդության» (Student-Led Leadership) մեթոդաբանությունը, որը խթանում է քննադատական մտածողությունը և ինքնուրույն հետազոտական հմտությունները։ Մասնակիցները տարբեր ոլորտների երիտասարդ մասնագետներ և բարձր առաջադիմությամբ շրջանավարտներ են, որոնց միավորում է կրթական համակարգում համակարգային փոփոխություն բերելու ձգտումը:

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագիրը երկրի համար ունի ռազմավարական և ազգային անվտանգության նշանակություն: Այն դիտարկում է կրթությունը ոչ թե պարզապես առանձին ոլորտ, այլ պետության հզորացման և ազգային դիմակայունության հիմնասյուն: Երկրի մակարդակով ծրագիրն ապահովում է մի քանի կարևորագույն արդյունք.

  • Ազգային ենթակառուցվածքների ամրապնդում,
  • Կրթական անհավասարության հաղթահարում,
  • Նոր սերնդի էլիտայի և առաջնորդների կերտում։

Ինչպես նշում է կազմակերպությունը՝ «Այսօրվա ուսուցիչով է պայմանավորված, թե ով է ղեկավարելու մեր երկիրը վաղը»։

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագիրը ստեղծում է երկկողմանի արժեք՝ հավասարապես փոխակերպելով թե՛ մասնակից երիտասարդներին և թե՛ հեռավոր համայնքները։

Այս պահին հիմնադրամի հայտադիմումների շրջանը բաց է։ Եթե այս սեպտեմբերին սովորելու ես 4-րդ կուրսում և ԲՏՃՄ (STEM), աշխարհագրություն, ֆիզիկական կուլտուրա, պատմություն, ռուսերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն մասնագիտություններից որևէ մեկում, ունես առնվազն 75 ՄՈԳ (ԵՊՀ որոշ ֆակուլտետների համար՝ 55 ՄՈԳ), ապա կարող ես դիմել կրթաթոշակին։

Մեր երկրի հզորացումը սկսվում է հեռավոր համայնքների դպրոցական նստարանից: Իսկ ուսուցիչ-առաջնորդների ծրագիրը երկկողմանի փոխակերպման ճանապարհ է:

«Դպրության» տաղավարում են «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի համալսարանական համագործակցության և ուսանողների ներգրավման ղեկավար Արշակ Պողոսյանը և «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի Ուսուցիչ-առաջնորդ, Լոռու մարզի Մեծավան համայնքի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Կարինե Եղիազարյանը։                     

                        

Leave a Comment