Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմում է Ալիևին. «Թույլ տվեք զանգահարել կնոջը»

Ադրբեջանական բանտում արդեն վեց տարի պահվող 56-ամյա Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբան Լուսիանա Մինասյանը դիմել է Ադրբեջանի նախագահին՝ պահանջելով անմիջապես թույլ տալ Մկրտչյանին զանգահարել կնոջը:

«Հրանուշ Շահբազյանը վերջին անգամ ամունու ձայնը լսել է հունիսի 19-ին: Հեռախոսազրույցի ժամանակ Լյուդվիգը նրան ասել է, որ այնքան թույլ է զգում իրեն, որ վայր է ընկել: Նրան տարել են սրտագրության… և հետո ոչինչ: Ոչ մի ախտորոշում: Ոչ մի բացատրություն: Եվ այդ պահից սկսած՝ կատարյալ լռություն», – Ֆեյսբուքում գրել է Մինասյանը:

«Նրա վիճակը վատթարանում է: Նրա ընտանիքը տեղեկություն չունի: Եվ հեռախոսազանգ դեռ չկա: Մեկ հեռախոսազանգը չի ազատի նրան: Այն չի բուժի նրան: Բայց այն թույլ կտա նրա կնոջը լսել՝ արդյոք իր ամուսինը դեռ կենդանի է և գիտակցությունը տեղն է: Դա մարդկային արժանապատվության բացարձակ նվազագույնն է», – ընդգծել է փաստաբանը՝ հրատապ և հրապարակայնորեն պահանջելով Ադրբեջանի իշխանություններից.

«Պարոն նախագահ Ալիև, թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անմիջապես զանգահարել իր կնոջը՝ Հրանուշ Շահբազյանին: Բավ է լռությունը: Բավ է անորոշությունը: Մեկ զանգ: Հիմա»:

Լյուդվիգ Մկրտչյանը 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից գերեվարվել էր Հադրութում, 2021-ին դատապարտվել 20 տարվա ազատազրկման՝ «Ղարաբաղյան առաջին պատերազմում ադրբեջանցիներին կտտանքների ենթարկելու», ինչպես նաև «ադրբեջանական բանակի դեմ հանցագործություններ կատարելու» մեղադրանքով։ Մկրտչյանի կինը հերքում է այս մեղադրանքները, պնդում՝ ամուսինը ոչ մի կապ չունի այդ ամենի հետ:

Անցած տարի Բաքվում ադրբեջանական իշխանությունների նախաձեռնությամբ Կարմիր Խաչի գրասենյակի փակումից հետո,19 հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ: Միակ շփումը հարազատների հետ Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպվող հեռախոսազանգերն են:

Leave a Comment