Հայտնի է Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստի օրը

Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ին։ Այս մասին հայտարարել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։

Վահագն Հովակիմյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի պահանջների համաձայն՝ հերթական ընտրություններից հետո նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է նախորդ գումարման խորհրդարանի լիազորությունների ժամկետի ավարտի օրը՝ ժամը 10:00-ին։

«Հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններով ընտրված նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կհրավիրվի 2026 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ին»,- նշված է ԿԸՀ նախագահի հայտարարության մեջ։

Հուլիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նաև ստորագրել է խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Ազգային ժողով անցած քաղաքական ուժերին մանդատներ տրամադրելու վերաբերյալ արձանագրությունները։ Դրանց համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։

Leave a Comment