Ստեփանավանում տեղացած կարկուտը վնասել է 1090 մեքենա – Live News

Հունիսի 6-ին Ստեփանավանում տեղացած խոշոր կարկուտը վնասել է 1090 մեքենա։ Համայնքապետարանից հայտնում են, որ այս պահին գույքագրման աշխատանքներն ավարտված են: 

«Տեղեկացնում ենք, որ կարկուտի հետևանքով վնասված ավտոմեքենաների գույքագրման աշխատանքներն իրականացրել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Գույքագրման արդյունքում հաշվառվել է ընդհանուր 1090 վնասված ավտոմեքենա։

Այս պահին գույքագրման աշխատանքներն ավարտված են: Համապատասխան փաստաթղթերն արդեն ուղարկվել են իրավասու պետական մարմիններին՝ հետագա ընթացակարգերի կազմակերպման նպատակով։

Հետագա գործընթացների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալուն պես անմիջապես կտեղեկացնենք հանրությանը»,- նշել են համայնքապետարանից։

Հիշեցնենք, որ Ստեփանավանում տեղացած աննախադեպ կարկուտը հսկայական նյութական վնասներ է պատճառել բնակիչներին։ Հավկիթի մեծությամբ կարկուտը ավերել է տանիքներ, ավտոմեքենաներ, լուսամուտներ ու  մեծ վնաս հասցրել գյուղատնտեսությանը։

Ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայութունից հայտնել էին, որ նախնական տվյալներով, կարկուտի պատճառով սատկել է 6 ոչխար և 60 գառ, կորած է համարվում 4 ձիու քուռակ:

Leave a Comment