Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում առցանց ձևաչափով տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի ընդլայնված կազմով նիստը, որի ժամանակ ներկայացվել և քննարկվել է անկախ կյանքի կենտրոնի գործունեության կարգը և պայմանները սահմանող իրավական ակտի նախագիծը։
Նիստը վարում էր ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
Քննարկմանը մասնակցել են Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը, մարզպետներին կից հանձնաժողովների ներկայացուցիչները, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԶԾ-ի (UNDP) ներկայացուցիչները, ինչպես նաև փորձագիտական խմբի անդամները։
Քննարկման ընթացքում նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է անկախ կյանքի կենտրոնների ստեղծման իրավական հիմքերը և համայնքահեն ծառայությունների ներդրման տեսլականը։
ԱՍՀ նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը ներկայացրել է «Անկախ կյանքի կենտրոնների գործունեության կարգը և պայմանները հաստատելու մասին» ԱՍՀ նախարարի հրամանի նախագիծը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը ներկայացրեց Մեծամորոմ կառուցվող անկախ կյանքի կենտրոնի շինարարության ընթացքի մասին մանրամասներ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջգերատեսչական համագործակցության ամրապնդմանը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված մի շարք հարցերի։ Նիստը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։