Ապատեղեկատվության աճող հոսքի պայմաններում հաճախ կարծիք է ձևավորվում, թե հաշմանդամություն ունեցող անձինք առավել խոցելի են տեղեկատվական մանիպուլյացիաների նկատմամբ։ Թեմայի շուրջ զրուցել ենք Լոռու մարզում գործող երեք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ հասկանալու, թե ինչ ազդեցություն ունի ապատեղեկատվությունը նրանց վրա և ինչ ռիսկեր է ստեղծում։
Մասնագետները համակարծիք են, որ ապատեղեկատվությունը վերաբերում է հասարակության բոլոր շերտերին, սակայն հաշմանդամություն ունեցող անձանց խոցելիությունը կարող է մեծանալ տեղեկատվության հասանելիության սահմանափակումների, մեդիա և թվային գրագիտության պակասի կամ տեղեկատվության ոչ մատչելի ձևաչափերով ներկայացվելու պատճառով։
«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանի խոսքով՝ ապատեղեկատվության տարածմանը նպաստում են ժամանակակից տեխնոլոգիաները, վերահսկողության և պատասխանատվության պակասը։ Նրա դիտարկմամբ՝ խնդիրը հատկապես սրվում է նախընտրական գործընթացների, պատերազմի և հետպատերազմյան ժամանակաշրջաններում։
Միաժամանակ Ասլանյանը չի կիսում այն տեսակետը, թե հաշմանդամություն ունեցող անձինք անպայման ավելի խոցելի են ապատեղեկատվության նկատմամբ։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին նրանք ավելի մեդիագրագետ են դարձել, ակտիվորեն ներգրավվել են ապատեղեկատվության դեմ պայքարի նախաձեռնություններում, իսկ իրազեկման ծրագրերը դարձել են ավելի հասանելի և ներառական։
Ասլանյանի կարծիքով՝ ամենավտանգավոր կեղծ տեղեկությունները վերաբերում են երկրի անվտանգությանը, պետական շահերին և քաղաքական գործընթացներին։ Նա ընդգծում է, որ նույնիսկ հերքումներից հետո ապատեղեկատվությունը հաճախ շարունակում է ազդեցություն ունենալ մարդկանց ընկալումների վրա՝ նպաստելով հասարակական լարվածության աճին։ Որպես օրինակ՝ նա հիշատակում է Կիրանցի սահմանային իրավիճակի շուրջ տարածված ապատեղեկատվությունը։ Միևնույն ժամանակ, նրա գնահատմամբ, հասարակությունը աստիճանաբար ավելի լավ է տարբերակում կեղծ և հավաստի տեղեկատվությունը, թեև նոր մարտահրավեր է ստեղծում արհեստական բանականության միջոցով պատրաստվող բովանդակությունը։
«Կատարսիզ» ՀԿ նախագահ Վահան Սարգսյանի գնահատմամբ՝ ապատեղեկատվությունն առավել ակտիվ է դառնում նախընտրական քարոզարշավների ընթացքում՝ ազդելով հանրային տրամադրությունների և ընտրողների որոշումների վրա։ Նրա խոսքով՝ հաշմանդամություն ունեցող որոշ անձինք կարող են ավելի խոցելի լինել, քանի որ հաճախ տեղեկատվություն են ստանում սահմանափակ աղբյուրներից, հիմնականում հեռուստատեսությունից, ինչը միշտ չէ, որ ապահովում է բազմակարծություն։
Վահանը կարծում է, որ վտանգավոր են այն տեղեկությունները, որոնք տարածվում են հանրային վստահություն վայելող պաշտոնյաների կամ լայն լսարան ունեցող հարթակների միջոցով և չեն ստանում բավարար մասնագիտական հակադարձում։ Նրա դիտարկմամբ՝ ընտրողների մի մասը դեռ քաղաքական ընտրությունը կատարում է ոչ թե ծրագրերի, այլ առաջնորդների նկատմամբ ձևավորված վստահության հիման վրա։
Ապատեղեկատվությանը հակազդելու համար նա կարևորում է անկախ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեությունը, մեդիա և թվային գրագիտության զարգացումը, ինչպես նաև հանրային հեռարձակողի անկախությունը։ Որպես օրինակ՝ նա հիշատակում է քաղաքական գործընթացների ընթացքում տարածվող այնպիսի պնդումները, թե որևէ քաղաքական ուժի չընտրելու դեպքում պատերազմ կլինի կամ որոշ քաղաքական ուժերի ընտրողները սպասարկում են օտարերկրյա շահեր։ Նրա խոսքով՝ նման հայտարարությունները կարող են ազդել ընտրողների վարքագծի վրա և խորացնել հասարակական բաժանումները։
«Լուսաստղ» ՀԿ փոխնախագահ Արփինե Սերոբյանի խոսքով՝ ապատեղեկատվությունն այսօր հասել է աննախադեպ մակարդակի։ Նա նշում է, որ հաշմանդամություն ունեցող անձինք, լինելով սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերեր, հաճախ բախվում են իրականությունից դժվար տարբերակվող տեղեկությունների։
Սերոբյանի գնահատմամբ՝ ապատեղեկատվությունը կարող է ազդել ընտրական մասնակցության վրա։ Սահմանափակ տեղեկատվական աղբյուրների պատճառով որոշ մարդիկ սկսում են կասկածել իրենց ընտրական իրավունքի արդյունավետությանը, ընտրատեղամասերի հասանելիությանը կամ ընտրական գործընթացի նկատմամբ վստահությանը։
Նրա խոսքով՝ տարածված կեղծ պնդումներից են այն տեսակետները, թե հաշմանդամություն ունեցող անձինք չեն կարող ինքնուրույն քվեարկել, իրենց ձայնը ազդեցություն չունի, ընտրատեղամասերը հասանելի չեն, ուղեկցողի իրավունքը չի ապահովվում կամ հատուկ կաղապարների օգտագործման դեպքում քվեն կարող է անվավեր ճանաչվել։ Փորձը, սակայն, ցույց է տալիս, որ նման պնդումները հիմնականում կեղծ են կամ չափազանցված։
Խնդրի լուծման համար Սերոբյանը կարևորում է մատչելի ձևաչափերով իրազեկումը, փաստերի ստուգումը, մեդիագրագիտության դասընթացները, հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը որպես իրազեկման դեսպաններ և համագործակցությունը ընտրական հանձնաժողովների հետ։ Նա նաև հիշատակում է մի դեպք, երբ սոցիալական ցանցերում տարածվել էր տեղեկություն ընտրատեղամասերի անհասանելիության մասին, սակայն փաստերի ստուգումը ցույց էր տվել, որ այն հիմնված էր մեկ առանձին և արդեն լուծված դեպքի վրա։ Ըստ նրա՝ այս օրինակը վկայում է, որ ապատեղեկատվության դեմ արագ, ճշգրիտ և մատչելի արձագանքը կարևոր պայման է հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքների պաշտպանության համար։
Սույն հոդվածը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի (NDF) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում նյութի հեղինակը՝ Վարդուհի Անանյանը և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Iravaban.net-ի տեսակետները։