Հայաստանը մինչև 300 տոննա կակաո-փոշի կներմուծի առանց մաքսատուրքի

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մշակած «Հայաստանի Հանրապետության տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման արդյունաբերական վերամշակման համար նախատեսված կակաո-փոշու ներմուծման մասին» կառավարության որոշման նախագիծը։

Հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի՝ արդյունաբերական վերամշակման համար նախատեսված կակաո-փոշու վերաբերյալ որոշման պահանջների կիրառումն ապահովելու անհրաժեշտությամբ։

Ինչո՞վ է պայմանավորված նախագծի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման արդյունաբերական վերամշակման համար նախատեսված կակաո-փոշու ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է 2026 թվականի —— ի Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումների մեջ արդյունաբերական վերամշակման համար նախատեսված կակաո-փոշու մասով փոփոխություններ կատարելու մասին № — որոշման /այսուհետ՝ Որոշում/ կիրառումը պատշաճ ապահովելու անհրաժեշտությամբ։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հարկ է նշել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2026 թվականի մայիսի 20-ին կայացած նիստի ընթացքում հավանության է արժանացել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումների մեջ արդյունաբերական վերամշակման համար նախատեսված կակաո-փոշու մասով փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը, որը ներկայումս գտնվում է ստորագրման փուլում։ Ներկայացված ՀՀ կառավարության որոշման նախագծում ԵՏՀ Խորհրդի որոշման ուժի մեջ մտնելու հետ կապված հղումը կլրացվի որոշման ստորագրումից հետո։

Համաձայն նշյալ Որոշման՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է սակագնային արտոնություն 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառմամբ՝ 300,0 տոննա ծավալով արդյունաբերական վերամշակման համար նախատեսված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1805 00 000 0 ծածկագրին դասվող կակաո-փոշու ներմուծման նկատմամբ։

Որոշմամբ Հայաստանի Հանրապետություն ներկրվող նշված ապրանքի նկատմամբ սակագնային արտոնության կիրառման ժամկետ է սահմանված` Որոշումը ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում։

Ընդ որում մաքսատուրքի վճարումից ազատումը տրամադրվելու է տնտեսվարող սուբյեկտներին բացառապես Որոշման մեջ նախատեսված ապրանքը ներմուծելու ժամանակ 2015 թվականի մարտի 10-ի ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնություններ տրամադրող Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմիններ սահմանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգը հաստատելու մասին» № 228-Ն որոշմամբ սահմանված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացությունը ներկայացնելու դեպքում։

վյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Սակագնային կարգավորման ոլորտի քաղաքականություն

Կարգավորման նպատակը և բնույթը

2026 թվականի —- ի ԵՏՀԽ Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումների մեջ արդյունաբերական վերամշակման համար նախատեսված կակաո-փոշու մասով փոփոխություններ կատարելու մասին № — որոշման պահանջների ապահովում, գործարար միջավայրի բարելավում:

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021 – 2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունից, ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026թթ. Ծրագրի «2. Տնտեսություն» բաժնի դրույթներից, մասնավորապես՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է Եվրասիական տնտեսական միության հետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնում և խորացում բոլոր հնարավոր ոլորտներով և ուղղություններով։ Հայաստանի Հանրապետության համար եվրասիական ինտոգրումն առաջնային ուղղություններից մեկն է, որը թույլ է տալիս բարելավել բիզնեսի համար տնտեսվարման պայմանները, ընդլայնել համգարծակցությունն ավանդական գործընկերների հետ և ստեղծել նոր հարթակներ տնտեսական ներուժի իրագործման համար:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Leave a Comment