Վաշինգտոնի վարչակազմը կողմ է նրան, որ Լիբանանի իշխանություններին կարողանան ինքնուրույն վերահսկել իրենց տարածքը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Քուվեյթում լրագրողներին ասել է.
«Մենք ակնկալում ենք, որ Լիբանանի զինված ուժերը և Լիբանանի օրինական, ինքնիշխան կառավարությունը կկարողանան շարունակել վերահսկել և ապահովել իրենց տարածքի ավելի ու ավելի մեծ մասը», – ասել է ԱՄՆ պետքարտուղարը։ Նա մեկնաբանել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հայտարարությունը, որ հրեական պետությունը մտադիր չէ դուրս բերել իր զորքերը Լիբանանի հարավային շրջաններից, նույնիսկ եթե ԱՄՆ-ն դա պահանջի։ «Նրանք (Իսրայելը) միջամտում են միայն այն պատճառով, որ Լիբանանի տարածքը օգտագործվում է Իսրայելի դեմ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արձակելու համար։ Բայց որքան շատ այս տարածք Լիբանանի զինված ուժերը կարողանան վերահսկել, և որքան քիչ լինի (շիական շարժման) «Հըզբոլլահի» վերահսկողության տակ, այնքան քիչ կլինի Իսրայելը (Լիբանանում)», – հավելել է Ռուբիոն։
«Բայց սա հենց այն մեխանիզմն է, որի վրա մենք աշխատում ենք բանակցություններում։ Կարծում եմ, սա այս բանակցությունների հիմնական տարրն է», – ընդգծել է Ռուբիոն՝ անդրադառնալով Վաշինգտոնում իսրայելա-լիբանանյան բանակցություններին։ «Սա հենց այն է, ինչի մասին նրանք (իսրայելական կողմը) խոսում են լիբանանցիների հետ մեր միջնորդությամբ», – նշել է նա։
Ավելի վաղ Իրանի ներկայացուցիչները ԱՄՆ-ի հետ բանակցություններում պահանջել էին լիակատար հրադադար Լիբանանում և իսրայելական զորքերի դուրսբերում՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում Թեհրանը կրկին կփակի Հորմուզի նեղուցը։ Իսրայելի իշխանությունները, իրենց հերթին, հայտարարել էին, որ չեն դուրս բերի իրենց բանակը Լիբանանից, քանի դեռ հրեական պետությունը «Հեզբոլլահից» սպառնալիք չի տեսնում իր հյուսիսային շրջանների համար, իսկ իսրայելական զորքերը շարունակում են պահպանել իրենց դիրքերը Լիբանանի հարավում և ունեն «գործողության լիակատար ազատություն»՝ «ի հայտ եկող սպառնալիքները վերացնելու» համար։