Նախագծի ընդունումը պայմանավորված է քրեակատարողական հիմնարկներում եւ ձերբակալված անձանց պահելու վայրերում արգելված առարկաների ներթափանցման դեպքերի կանխարգելման, ինչպես նաեւ գործող վարչական պատասխանատվության միջոցների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 11-ի նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը:
Ըստ հիմնական զեկուցողի՝ գործող կարգավորումների կիրառման փորձը ցույց է տալիս, որ նախատեսված վարչական տույժերն ու դրանց չափերը բավարար չեն ապահովում իրավախախտումների կանխարգելումը: Գործնականում հաճախակի են դեպքերը, երբ անձինք անազատության մեջ պահվողներին փոխանցում կամ փոխանցելու փորձ են կատարում արգելված առարկաներ (մասնավորապես՝ բջջային հեռախոսներ, դրանց լիցքավորման սարքեր եւ այլն): Իրավախախտման բացահայտման դեպքում անձինք պարզապես վճարում են նախատեսված տուգանքը եւ կրկին կատարում նույն արարքը:
Նախագծով առաջարկվում է փոփոխություն, որով վարչական պատասխանատվություն կսահմանվի քրեակատարողական հիմնարկի ներքին եւ արտաքին օբյեկտներում տեղակայված մշտական պահակետով անցած, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով խուզարկություն կամ զննություն անցած անձանց մոտ արգելված առարկաներ հայտնաբերելու (պահելու) համար:
Առաջարկվում է վերանայել քրեակատարողական հիմնարկներում եւ ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձանց արգելված առարկաներ հանձնելու կամ հանձնելու փորձի համար նախատեսված վարչական տույժի (տուգանքի) չափերը:
Գեւորգ Քոչարյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, պարզաբանումներ է ներկայացրել առաջարկվող կարգավորումների վերաբերյալ:
Հարակից զեկուցող Արփինե Դավոյանը կարեւորել է նախագծի ընդունումը՝ առաջարկելով կողմ քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: