Սոցիալական ցանցերի զարգացման հետ տեղեկատվության տարածման արագությունը հասել է աննախադեպ մակարդակի։ Եթե նախկինում մարդիկ եղանակի մասին տեղեկությունները հիմնականում ստանում էին հեռուստատեսությունից կամ մասնագիտական ծառայություններից, ապա այսօր շատերն առաջին հերթին հետևում են Facebook-ի, TikTok-ի կամ Telegram-ի տարբեր էջերին։ Այս հարթակներում, սակայն, հաճախ առաջնայինը ոչ թե տեղեկատվության ճշգրտությունն է, այլ մարդկանց ուշադրությունը գրավելը։
Վերջին տարիներին հայկական համացանցային տիրույթում բազմիցս տարածվել են հրապարակումներ, որոնցում հայտարարվել է «100 տարվա ամենաուժեղ ցիկլոնի», «աննախադեպ շոգի», «կործանարար փոթորկի» կամ «աղետալի եղանակային երևույթի» մասին։ Նման վերնագրերը մարդկանց մոտ անհանգստություն և երբեմն նույնիսկ խուճապ են առաջացնում։ Սակայն հետագայում հաճախ պարզվում է, որ իրականում նման կանխատեսումները որևէ կապ չեն ունեցել պաշտոնական տվյալների հետ, իսկ եղանակային պայմանները եղել են սովորական կամ կանխատեսելի։
Այսօր տեղեկատվությունն աստիճանաբար վերածվում է սպառողական ապրանքի, իսկ սոցիալական ցանցերում մրցակցությունն այնքան մեծ է, որ շատ էջեր փորձում են մարդկանց ուշադրությունը գրավել առավել սենսացիոն վերնագրերով։ Որքան ավելի վախեցնող կամ արտասովոր է ձևակերպված նյութը, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ մարդիկ կկարդան, կմեկնաբանեն և կկիսվեն դրանով։ Արդյունքում առաջնային է դառնում ոչ թե տեղեկատվության ճշգրտությունը, այլ դիտումների և արձագանքների քանակը։
Առաջին հայացքից կարող է թվալ, որ եղանակի մասին չափազանցված հրապարակումները լուրջ խնդիր չեն։ Սակայն մասնագետները նշում են, որ նման տեղեկատվությունը կարող է երկարաժամկետ բացասական հետևանքներ ունենալ։ Երբ մարդիկ պարբերաբար բախվում են «աղետի» մասին հայտարարությունների, որոնք հետագայում չեն իրականանում, ժամանակի ընթացքում սկսում են կորցնել վստահությունը նույնիսկ իրական նախազգուշացումների նկատմամբ։
Մեդիա հետազոտող և տեղեկատվական անվտանգության մասնագետ Աննա Մկրտչյանի խոսքով՝ սա ապատեղեկատվության ամենավտանգավոր հետևանքներից մեկն է։
«Եթե մարդը տասն անգամ լսում է, որ սպասվում է ինչ-որ աղետ, բայց իրականում ոչինչ չի տեղի ունենում, ապա հաջորդ անգամ նա կարող է անտեսել նույնիսկ իրական վտանգի մասին նախազգուշացումը։ Մարդիկ հոգնում են մշտական վախեցնող տեղեկություններից և սկսում են չվստահել նույնիսկ մասնագիտական կառույցներին»,- նշում է փորձագետը։
Նրա կարծիքով՝ ապատեղեկատվության դեմ պայքարը միայն լրագրողների խնդիրը չէ։ Այսօր յուրաքանչյուր օգտատեր ոչ միայն տեղեկատվություն ստացող է, այլ նաև այն տարածողը։ Մեկ չստուգված հրապարակման տարածումը կարող է նպաստել, որ այն հասնի հազարավոր մարդկանց։
Օդերևութաբան Գագիկ Սուրենյանը նույնպես բազմիցս անդրադարձել է սոցիալական ցանցերում տարածվող չափազանցված տեղեկություններին։ Նրա խոսքով՝ եղանակային կանխատեսումները հիմնված են գիտական տվյալների և միջազգային օդերևութաբանական մոդելների վրա, մինչդեռ համացանցում տարածվող բազմաթիվ հրապարակումներ որևէ մասնագիտական հիմք չունեն։
«Մարդիկ բնականաբար անհանգստանում են, երբ տեսնում են «աղետ», «աննախադեպ» կամ «դարի ամենաուժեղ» արտահայտությունները։ Սակայն շատ դեպքերում նման ձևակերպումները ոչ թե մասնագիտական գնահատականներ են, այլ պարզապես մարդկանց ուշադրությունը գրավելու միջոց»,- ընդգծում է մասնագետը։
Այս խնդիրը մտահոգում է նաև միջազգային հետազոտողներին։ Reuters Institute for the Study of Journalism-ի հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ սոցիալական ցանցերում ավելի արագ են արձագանքում հուզական և վախ առաջացնող բովանդակությանը։ Բացի այդ, սոցիալական հարթակների ալգորիթմները նույնպես ավելի մեծ տարածում են տալիս այն նյութերին, որոնք ավելի շատ մեկնաբանություններ և արձագանքներ են ստանում։ Հենց այդ պատճառով ապատեղեկատվությունը հաճախ ավելի արագ է տարածվում, քան պաշտոնական պարզաբանումները։
Միջազգային KPMG կազմակերպության և Մելբուռնի համալսարանի համատեղ հետազոտության հեղինակները ևս նշում են, որ տեղեկատվական գերհագեցած միջավայրում մարդկանց համար գնալով ավելի դժվար է դառնում տարբերել հավաստի տեղեկատվությունը կեղծից։ Հետազոտողները շեշտում են, որ մեդիագրագիտությունը ժամանակակից աշխարհում դառնում է ոչ պակաս կարևոր հմտություն, քան կարդալն ու գրելն են։
Փորձագետների կարծիքով՝ խնդրի լուծումը միայն կեղծ հրապարակումները հերքելը չէ։ Անհրաժեշտ է ձևավորել տեղեկատվության սպառման նոր մշակույթ, որտեղ մարդիկ կսովորեն ստուգել աղբյուրները, համեմատել տարբեր լրատվամիջոցների հրապարակումները և չհավատալ միայն աղմկահարույց վերնագրերին։
Այսօր, երբ տեղեկատվությունը հասանելի է մեկ հպումով, պատասխանատվությունը կրում են ոչ միայն լրագրողները, այլև ընթերցողները։ Յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի, որ մինչև որևէ նյութ տարածելը անհրաժեշտ է համոզվել դրա հավաստիության մեջ։ Հակառակ դեպքում նույնիսկ սովորական եղանակային կանխատեսումը կարող է վերածվել զանգվածային անհանգստության պատճառի։
Եղանակային ապատեղեկատվությունը կարող է առաջին հայացքից անմեղ թվալ, սակայն իրականում այն լուրջ ազդեցություն ունի հասարակության վրա։ Սենսացիոն վերնագրերը ոչ միայն անհարկի խուճապ են առաջացնում, այլև ժամանակի ընթացքում թուլացնում են մարդկանց վստահությունը իրական նախազգուշացումների նկատմամբ։ Իսկ երբ խոսքը վերաբերում է մարդկանց անվտանգությանը, վստահելի տեղեկատվության աղբյուրների ընտրությունը դառնում է ոչ թե պարզապես լավ սովորություն, այլ անհրաժեշտություն։
Ինչպես նշում են մեդիա հետազոտող Աննա Մկրտչյանը, օդերևութաբան Գագիկ Սուրենյանը, ինչպես նաև Reuters Institute-ի և KPMG-ի հետազոտողները, ապատեղեկատվության դեմ պայքարը սկսվում է ոչ միայն լրատվամիջոցներից, այլև յուրաքանչյուր քաղաքացուց։ Տեղեկացված և մեդիագրագետ հասարակությունն այսօր ապատեղեկատվության դեմ պայքարի ամենահզոր միջոցն է, իսկ ճշգրիտ և պատասխանատու տեղեկատվությունը՝ հանրային անվտանգության կարևորագույն երաշխիքներից մեկը։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում է նյութի հեղինակը՝ Շուշանիկ Սահակյանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Iravaban.net-ի տեսակետները։