
«Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է, թե ընտրական գործընթացի ընթացքում դաշինքը գործել է «աննախադեպ ու զանգվածային ճնշումների և հետապնդումների պայմաններում» և, որ այսպիսով ԿԸՀ հրապարակած թվերը «չեն կարող արտացոլել իրական պատկերը»:
«Նախընտրական փուլը ուղեկցվել է մեր առաջնորդի, թեկնածուների, համակիրների և թիմակիցների նկատմամբ նպատակային գործողություններով, զանգվածային ապօրինի ձերբակալություններով ու քրեական հետապնդումներով, որոնք միտված էին սահմանափակել քաղաքական մրցակցությունն ու ազդել ընտրողների ազատ կամարտահայտության վրա»,- գրել է «Ուժեղ Հայաստանի» խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը:
Դաշինքից պնդում են, թե քվեարկության օրը կիրառվել է վարչական ռեսուրս:
«Բացի այս, տեղի է ունեցել աննախադեպ երևույթ. մինչև ԿԸՀ-ի կողմից բոլոր ընտրատեղամասերի արդյունքների մշակումը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «հաղթանակի և միանձնյա իշխանություն ձևավորելու» մասին, ինչն ուղիղ հրահանգ ու ազդակ էր ԿԸՀ-ին»,- ասված է կուսակցության խոսնակի հայտարարությունում:
Նշվում է, որ «այս պայմաններում հրապարակված թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը» և, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը ներկայումս զբաղված է «իրավիճակի վերլուծությամբ»:
Իշխող ուժը, նախօրեին հրավիրած ասուլիսում հակադարձել է՝ որևէ քաղաքական հետապնդման մասին խոսք լինել չի կարող, ձերբակալվում են նրանք, ովքեր անօրինականություններ են թույլ տվել։