Տրանսպորտային չլուծվող խնդիր Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում

Արմավիրի մարզի մի շարք համայնքներում տրանսպորտի խնդիրը շարունակում է չլուծված մնալ: Գյուղական բնակավայրերի մի մասը կտրված է  մարզկենտրոնից, մյուսներն աշխարհագրական դիրքի բերումով դուրս են երթուղուց: Տեղական իշխանության մարմինները խոստանում են, որ խնդիրը շուտով կլուծվի։

Արմավիրի մարզում մի շարք գյուղերի բնակիչների հույսը ոչ թե հանրային տրանսպորտն է, այլ՝ սեփական փոխադրամիջոցներն ու տաքսիները: Զրուցակիցս Ամասիայի բնակիչներից մեկն է։

«Ես Ամասիայում եմ ապրում, որտեղ բացարձակապես տրանսպորտ չկա: Մի քանի տարի առաջ ունեինք ու այդ տրանսպորտը Ամասիայի համար էր նախատեսված, որի երթուղին Ամասիա, Նոր Արմավիր, Բամբակաշատ, Սարդարապատ՝ Հոկտեմբեր գյուղով գնում էր Արմավիր՝ Հոկտեմբերյան: Շատ հարմար էր: Մեր գյուղը մի քիչ առանձնացված է, ոնց որ տուպիկ լինի, գյուղ մտնող ոչ մի բան չկա, տաքսիներ էլ չկան, որ ասենք՝ կանգնենք փողոցում, դրանցով կարողանանք գնալ մարզկենտրոն: Այդպիսի բան չկա»:      

Նոր Արմավիրում, Բամբակաշատում ու Սարդարապատում երթուղային տրանսպորտ կա, բացի այդ նշված բնակավայրերը հիմնականում գտնվում են հանրապետական նշանակության ճանապարհների վրա, երթևեկությունն ավելի հեշտ է, իսկ Ամասիան աշխարհագրական դիրքով կտրված է մայրուղուց՝ ասում է Դիաննան: Նրա խոսքով՝ տրանսպորտի բացակայությունից տուժում են հատկապես  երեխաները:

«Մեծ խնդիր է, որովհետև երեխաներին չեն կարողանում տանել սպորտի, երաժշտական դպրոց կամ ինչ-որ մի տեղ, քանի որ զուտ տաքսիներից են օգտվելու: Դա էլ ֆինանսի հետ է կապված՝ 1500 դրամ տաս, գնաս, 1500 դրամ տաս, գաս․ ֆինանսապես ձեռնտու չէ»:

Սեփական փոխադրամիջոց ու ֆինանսական հնարավորություն չունեցող մարդիկ Արմավիր մարզկենտրոն հասնելու համար ոտքով 1.5-2 կմ ճանապարհ են անցնում  մինչև հարևան  գյուղի խաչմերուկ, հետո պատահական փոխադրամիջոցներով շարունակում  ճանապարհը:

«Գյուղի վարչական ղեկավարին էլ ենք դիմել, ասել է, որ ինքն էլ է բարձրացրել այդ հարցը ու սպասենք: Բայց կարծես այդ սպասելն ապարդյուն է, որովհետև տրանսպորտ չկա, տարբերակ չկա»:

Տրանսպորտի խնդիրը շարունակում է անլուծելի մնալ նաև Մուսալեռ գյուղում: Գյուղի երկու հատվածներն իրարից շուրջ 1 կմ հեռավորությամբ են: Երևան-Էջմիածին մայրուղուն հարակից տարածքի բնակիչները տեղափոխման խնդիր չունեն, օգտվում են համանուն երթուղային տրանսպորտից, մյուս հատվածի բնակիչները  զրկված են այդ  հնարավորութունից:

«Մի քանի տարի առաջ, չեմ էլ հիշում, թե երբ է եղել: Արբաթ գյուղից գալիս, գնում էր Էջմիածին: Իսկ հիմա չկա, տաքսիներով ենք գնում»:

Երթուղային տրանսպորտ գյուղում աշխատել է մոտ 6 տարի առաջ: Խնդրին  տեղյակ են տեղական ինքնակառավարման մարմինները: Մուսալեռի վարչական ղեկավար Սամվել Ֆարֆարյանը հավաստիացնում է, որ շուտով խնդիրը կլուծվի:

«Մի ժամանակ կար, ուղղակի, որ մարդիկ քիչ էին օգտվում, չաշխատեց: Մենք այդ հարցը բարձրացրել ենք, հիմա մի բարերար կա, պետք է մի ավտոբուս տրամադրի համայնքին, սպասում ենք: Երևի մեկ, մեկուկես ամսից  տեղ կհասնի, մաքսազերծման հարցերը լուծվեն, ավտոբուսը կբերեն ու համայնքի համար կաշխատի: Արևաշատ, Մուսալեռ, Արգավանդ երթուղին է սպասարկելու»:

Տրանսպորտի խնդիր ունեցող  մյուս բնակավայրերում սպասում են խնդրի լուծման իրենց հերթին:

Leave a Comment