Աշխարհահռչակ հարավկորեացի երգիչ PSY-ին (իսկական անունը՝ Պակ Ջե Սանգ)՝ «Gangnam Style» հայտնի հիթի ստեղծողին, մինչև մեկ տարվա ազատազրկում է սպառնում հոգեմետ դեղամիջոցների օգտագործման վերաբերյալ օրենքները խախտելու համար, հայտնում է «Ռենհապ» լրատվական գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ երգչին կասկածում են իր մենեջերին և այլ անձանց 2022-2025 թվականներին Սեուլի հիվանդանոց ուղարկելու մեջ՝ անքնության, անհանգստության և դեպրեսիայի դեմ դեղատոմսեր ստանալու, ապա հոգեմետ դեղամիջոցներ գնելու համար։ Երգիչն ինքը նախապես բժշկի մոտ անձնական զննում չի անցել։ Հարավային Կորեայի օրենսդրության համաձայն՝ միայն պացիենտին անձամբ զննած բժիշկը կարող է նման դեղամիջոցներ նշանակել, և միայն պացիենտն է կարող օգտագործել դեղատոմսը։
«Բժշկական օրենսդրության համաձայն՝ նման խախտումը կարող է հանգեցնել մինչև մեկ տարի ազատազրկման կամ մինչև 10 միլիոն վոնի (մոտավորապես 6600 ԱՄՆ դոլար – խմբ.) տուգանքի», – ասվում է լրատվամիջոցի հրապարակման մեջ։