Նոր կարգավորումներ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում․ ինչպես են դրանք գնահատում փորձագետները․ «Էկոսֆերա»

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» (ԲՀՊՏ) օրենքում փոփոխություններ են արվել։ Բնության հատուկ պահպանվող տարածքներն ապահովում են եզակի էկոհամակարգերի, ինչպես նաև հազվագյուտ ու անհետացման եզրին գտնվող բուսատեսակների և կենդանատեսակների պահպանությունը բնական միջավայրում։

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն արդեն ընդունել է գործադիրը, ինչին նախկինում արդեն անդրադարձել էինք։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության փոխանցմամբ՝ օրենքը խմբագրվել է ողջ ծավալով։

Հայաստանում մինչ այս գործել է ԲՀՊՏ չորս կատեգորիա, իսկ վերոնշյալ փոփոխություններից հետո ավելացվել է 5-րդ կատեգորիան։ Համաձայն նոր կարգավորման՝ համայնքն այլևս չի պարտավորվի տարածքներ նվիրել պետությանը՝ պահպանություն իրականացնելու նպատակով։ Այժմ համայնքները ևս լիազորված են զբաղվելու հատուկ պահպանվող տարածքների պահպանությամբ։

Բնապահպանության ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանի խոսքով՝ օրենքում տեղ գտած հասկացությունները լիարժեքորեն չեն համապատասխանում Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի շրջանակներում գործող հասկացություններին և մեխանիզմներին։

Իսկ ահա էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը նշում է, որ թեև մանրամասն ծանոթ չէ փոփոխություններին, սակայն ողջունում է այն փաստը, որ համայնքները ևս ներգրավված են պահպանման գործընթացում։

Leave a Comment