Կիպրոսում` VIMA Art Fair միջազգային արվեստի ցուցահանդեսում, հայկական գրեթե բոլոր աշխատանքները վաճառվել են

Հայ արվեստագետների աշխատանքները մեծ հետաքրքրություն են առաջացրել Կիպրոսում կայացած VIMA Art Fair միջազգային արվեստի ցուցահանդեսում եւ գրեթե ամբողջությամբ վաճառվել են։

Լիմասոլում անցկացված հեղինակավոր ցուցադրությանը ներկայացված են եղել հայ ժամանակակից արվեստագետների` Արմեն Հակոբջանյանի, Գայանե Ավետիսյանի, Աստղիկ Պետրոսյանի, Գոհար Սարգսյանի եւ Անդրոնիկ Խաչիյանի գործերը։ Հայ արվեստագետների ստեղծագործություններն առաջին անգամ ցուցադրվել են այս միջազգային հարթակում hosq հիմնադրամի նախաձեռնությամբ եւ համադրությամբ։

Այս տարի ցուցահանդեսին մասնակցել է 20 երկրի 150-ից ավելի արվեստագետ, ինչպես նաեւ 26 պատկերասրահ։ Հարթակում համատեղվել են կոմերցիոն եւ ոչ կոմերցիոն ձեւաչափերը, այդ թվում՝ ցուցադրություններ, քննարկումներ եւ ինտերակտիվ ծրագրեր, որոնք տեղի են ունեցել Լիմասոլում, Նիկոսիայում եւ այլ քաղաքներում։

Տոնավաճառի մի քանի օրվա ընթացքում  հայկական տաղավարն ուշադրություն է գրավել, իսկ ներկայացված գործերի մեծ մասը գտել է իր գնորդին։

Ցուցահանդեսը դարձել է  հայկական ժամանակակից արվեստի`  տարածաշրջանային եւ միջազգային ասպարեզում ճանաչելիության թեստ։

Leave a Comment