Վերջին տարիներին՝ 2022-ից 2026 թթ.–ին, ՌԴ-ն տնտեսական և քաղաքական անուղղակի ազդակներով ու «նախազգուշացումներով» ակնարկել է երկկողմ պայմանագրերի վերանայման հնարավորության մասին։ Որպես կանոն Կրեմլն այդպես է հայտնել իր դժգոհությունը Հայաստանի եվրաինտեգրման առնչությամբ։ Եթե նախկինում նախազգուշացում–սպառնալիքները հնչում էին տարբեր պաշտոնյաների հայտարարություններում, ապա նախօրեին դրանք Երևանին են փոխանցվել պաշտոնական նամակով։
Պաշտոնական Երևանի համար Մոսկվայից ստացված նամակը արտառոց իրադարձություն չէ։ Վերջին ութ տարիների ընթացքում Հայաստանի ղեկավարությունն առնվազն 3–4 դեպք է հիշում, երբ հյուսիսային ռազմավարական գործընկերը փորձել է խոսել վերջնագրերով։ Հայաստանի վարչապետը համոզված է, որ այս անգամ էլ Երևանին և Մոսկվային կհաջողվի գալ ընդհանուր հայտարարի․
«Ես Ռուսաստանի նախագահի և Ռուսաստանի կառավարության ղեկավարի հետ ունեմ վստահելի հարաբերություններ, և առաջին դեպքը չէ, որ հարցեր են ծագում, որոնք պարզաբանման կարիք ունեն։ Նաև Ռուսաստանը՝ Կրեմլը պաշտոնապես հանդես էր եկել մեկնաբանությամբ, որ հարցեր կան, որոնք պետք է պարզաբանվեն։ Այո, այդ հարցերը կպարզաբանվեն։ Մենք մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնելու ենք, և մենք Հայաստանում Ռուսաստանի շահերին չենք դիպչում։ Բարձրագույն մակարդակով ես այդ հարցը տվել եմ, ասել եմ` ցույց տվեք կոնկրետ օրինակը, թե որտեղ ենք մենք ձեր շահերին վնասել, և պատասխան չի հնչել։ Հետևաբար, կարող են լինել էմոցիոնալ, երբեմն սադրանքների տրված հայտարարություններ, բայց մենք «ներվի մեջ» չենք մտնելու, մենք Ռուսաստանի հետ լեզվակռվի, բանավեճի մեջ չենք մտնելու։ Աշխատանքային կարգով բոլոր, այդ թվում ամենապրոբլեմատիկ հարցերը քննարկելու ենք։ Բայց մենք չենք պատրաստվում նաև հրաժարվել մեր ռազմավարությունից»:
Սա, ըստ էության, պաշտոնական Երևանի ուղիղ պատասխանն է Ռուսաստանից ստացված վերջնագիր–նամակին, որի միջոցով Կրեմլը զգուշացնում էր Երևանին․ եթե շարունակվի ԵՄ անդամակցության գործընթացը, Ռուսաստանը միակողմանիորեն կկասեցնի կամ չեղյալ կհայտարարի գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարումների մասին համաձայնագիրը։ Եթե փորձենք հասկանալ խնդրի էությունը, ապա հակիրճ այն հետևյալն է․
Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարումները կարգավորվում են 2013 թվականի դեկտեմբերին կնքված միջկառավարական համաձայնագրով, որը մի շարք արտոնություններ է սահմանում։
Մասնավորապես,
- Ռուսաստանն ապահովում է Հայաստանի գազի պահանջարկի գրեթե ամբողջ ծավալը: Գազը մատակարարվում է սահմանին արտոնյալ գնով, ինչը զգալիորեն ցածր է միջազգային շուկայական գներից:
- Հայաստանը վառելիքի հիմնական մասը ստանում է ՌԴ-ից՝ կրկին ազատված լինելով Ռուսաստանի կողմից սահմանվող արտահանման տուրքերից, ինչը թույլ է տալիս կայուն պահել ներքին շուկայի գները:
- Համաձայնագիրը հնարավորություն է տալիս հայկական ադամանդագործական ընկերություններին Ռուսաստանից, հիմնականում «Ալռոսա» ընկերությունից, ձեռք բերել ալմաստի հումք՝ առանց արտահանման մաքսատուրքի: Սա կենսական է համարվում հայկական քարերի մշակման արդյունաբերության մրցունակության համար:
Հայ–ռուսական հարաբերությունների ներկա լարվածության մեջ փորձագետների մի մասը ընդգծում է նախընտրական բաղադրիչը։ «Հայկական խորհրդի» փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը բացատրում է․
«Ըստ ամենայնի, այն գործիքները, որոնք Ռուսաստանն ունի Հայաստանի նկատմամբ, կիրառում է այնքանով, ինչքանով դրանք հնարավոր է կիրառել։ Տեսեք, կա «Ջերմուկ»–ի ներմուծման սահմանափակում ։ Այն կարելի է վերացնել անմիջապես հունիսի 8–ին։ Նույնը՝ այլ դեպքերի, ելակի և մյուս հարցերի հետ կապված։ Այսինքն` Ռուսաստանն անում է քայլեր, որոնք հնարավոր է հեշտությամբ վերադարձնել, և չի անում քայլեր, որոնք կունենան երկարաժամկետ ազդեցություն հայ–ռուսական հարաբերությունների վրա։ Դա նորմալ է, որովհետև Ռուսաստանում հիմնական նպատակը, հիմնական թիրախը հունիսի 7–ի ընտրություններն են։ Դրանից հետո նրանք վերադառնալու են նորմալ հարաբերությունները, ինչքան որ դրանք նորմալ են եղել նախորդ ժամանակաշրջանում իհարկե»։
Այն, ինչ այսօր կատարվում է հայ–ռուսական հարաբերություններում Երևանում կոչում են դիվերսիֆիկացիա, ընդ որում՝ դրական միտումներով։ Հայաստանը գնում է այն ուղղությամբ, որ համակարգերի չգործելու դեպքում այսուհետև առանց այլընտրանքի չմնա որևէ հարցում՝ անվտանգությունից մինչև տնտեսություն։
Ռուսաստանից հնչող և անգամ գրավոր ստացված զգուշացումների և սպառնալիքների ֆոնին անգամ կառավարությունում համոզված են, որ Հայաստանի տնտեսությանը ոչինչ չի սպառնում։
Մինչդեռ վկայակոչելով ռուսական շուկայում գործող չափանիշների խախտումները, «Ռոսսելխոզնադզոր»-ը 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից առաքվող լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման նկատմամբ՝ մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։ Հայ վերլուծաբանները հիշեցնում են, որ 2000–ականների սկզբին, երբ ռուս–վրացական հարաբերությունների լարվել էին ԵՄ–ի հետ մերձեցման պատճառով, դարձյալ «պատժի» նմանատիպ սխեմա էր գործում, պարզապես վրացական գինիների ու «Բորժոմի»–ի նկատմամբ։
«Հայկական խորհրդի» փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը կանխատեսում է, որ ռուսական ճնշումները դեռ տարբեր դրսևորումներ կունենան։
«Օղակը սեղմվելու է անընդհատ։ Ռուսաստանը դեռ ունի հաղթաթղթեր, որոնք չի օգտագործել․ դրանք և՛ միգրանտների նկատմամբ գործողություններն են, և՛ շուտով գազի գնի հետ կապված կլինեն հավանաբար ինչ–ինչ քննարկումներ, հայտարարություններ կամ գուցե նաև նախաձեռնություններ և տնտեսական այլ լծակներ, որոնք Ռուսաստանը կարող է օգտագործել։ 102–րդ ռազմաբազան, որը Հայաստանում է, գուցե ինչ–որ հայտարարություններով սկսի հանդես գալ, օրինակ` սահմանախախտումների և այլն հետ կապված, իբր դեպքեր բացահայտվեն և այլն, և այլն։ Ռուսաստանի գործիքները չափազանց շատ են, բայց ես չեմ կարծում, որ այդ գործիքներից որևէ մեկը էական ազդեցություն է ունենալու Հայաստանում հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների ընտրության վրա հունիսի 7–ին»։
Ռուսաստանի հետ Հայաստանի համագործակցությունն ու եվրաինտեգրման ճանապարհը դեռ երկար կարող են համատեղելի լինել՝ պնդում է Հայաստանի վարչապետը անգամ ռուսական զգուշացումներից հետո։ Պաշտոնական Երևանը հիշեցնում է, որ Հայաստանը կկայացնի իր որոշումը, երբ պահը հասունանա։ Ըստ Փաշինյանի՝ այդ ժամկետը կարող է շատ երկար լինել՝ 2026 թվականի դեկտեմբերից մինչև 2040 թվականը։
Գազի գնի ենթադրյալ կամ հավանական թանկացման հեռանկարին անդրադառնալով՝ վարչապետն արձանագրում է․
«Հայաստանը էներգետիկ անկախ երկիր լինելու հնարավորություն ունի, որովհետև այն արևային ռեսուրսները, որ ունի Հայաստանի Հանրապետությունը, դա մեզ անսահմանափակ հնարավորություն է տալիս։ Եվրամիության հետ մեր առաջիկա համագործակցության կարևոր ուղղություններից մեկը լինելու է վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցությունը»։
Վարչապետն ակնարկում է նաև Հայաստանի ունեցած լծակների մասին, ասենք՝ ԵԱՏՄ–ում կամ հայկական երկաթուղու հարցում։ Հայաստանը թույլ չի տա, որ սեփական երկաթուղին մնա ջարդոնի կարգավիճակում՝ եզրափակում է Փաշինյանը։