«Կարմիր գծերի» գների բարձրացումը՝ օրենքին հակասող․ Վճռաբեկը վարույթ չի ընդունել բողոքը

Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Երևանի ավագանու բողոքը, որը վերաբերում էր վճարովի ավտոկայանատեղիների՝ «կարմիր գծերի» վճարների բարձրացմանը: Սա նշանակում է, որ ուժի մեջ է մնում Վարչական դատարանի որոշումը, որով անվավեր էին ճանաչվել կայանման թանկացմանը վերաբերող դրույթները։

Խոսքը 2024-2025 թվականների սակագնային փոփոխությունների մասին է, որոնց հիմքով կտրուկ թանկացել էին կարմիր և կապույտ գծերի վճարները։ Դատարանը նշել է, որ վճարի չափը չի կարող գերազանցել ծառայության իրական ծախսը, իսկ «կենտրոնի բեռնաթափման» նպատակը չի կարող սակագնի բարձրացման իրավաչափ հիմք լինել։ Իրավաբանները կարծում են, որ այս իրավիճակում վարորդները կարող են փոխհատուցումների ակնկալիք ունենալ, քաղաքային իշխանությունները հերքում են այդ հնարավորությունը։

Քաղաքային բյուջե ավելի քան 3.8 մլրդ դրամի մուտք ապահոված Երևանի ավագանու որոշումը դատարանն անվավեր է ճանաչել։

Խոսքը Երևանի ավագանու՝ տեղական վճարները սահմանող որոշման այն դրույթների մասին է, որոնք վերաբերում էին ավտոկայանատեղիների վճարների փոփոխությունը։ Որոշումը Վարչական դատարանում վիճարկում էր Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունը։

Դատարանն անվավեր էր ճանաչել «կարմիր գծերի» գների բարձրացումը՝ պատճառաբանելով, որ կայանման վճարն օրենքով չի կարող գերազանցել ծառայության կազմակերպման փաստացի ծախսերը: Դատարանի գնահատմամբ՝ ավագանու որոշման վիճարկվող կետերը չեն համապատասխանում «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներին և հակասում են վարչարարության ընդհանուր սկզբունքները սահմանող նորմերին։

2024-ին, հիշեցնենք Երևանի ավագանու որոշմամբ  բարձրացվել էր մայրաքաղաքում կայանատեղիների դրույքաչափը։ Քաղաքը բաժանվել էր «Ա» և «Բ» գոտիների։ Կարմիր գծերի «Ա» գոտում կայանման մեկ տարվա գինը նախկին 12 000 դրամի փոխարեն սահմանվել էր 160 հազար դրամ, իսկ «Բ» գոտում՝ 24 000 դրամ։ Ավելացել էին նաև 1 ժամվա, շաբաթվա, ամսվա կայանման վճարները: Քաղաքային Իշխանությունը դրույքաչափերի փոփոխությունը հիմնավորել էր մայրաքաղաքի կենտրոնը բեռնաթափելու ծրագրով։

Վարչական դատարանն արձանագրել էր, որ տեղական վճարի դրույքաչափի բարձրացումը չի կարող կիրառվել որևէ փողոցի բեռնաթափման նպատակով: Բացի դրանից նշել էր, որ քաղաքապետարանը որևէ ձևով չի ապացուցել, որ վճարը շեշտակիորեն ավելացել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով:

Երևանի ավագանին այս տարվա հունվարին վիճարկել է Վարչական դատարանի վճիռը, Վճռաբեկը, սակայն,  բողոքը վարույթ չի ընդունել, ինչը նշանակում է, որ ուժի մեջ է մտնում Վարչական դատարանի որոշումը։

Այս համատեքստում քաղաքացիները կարող են Երևանի քաղաքապետարանից փոխհատուցում պահանջել  ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով կրած վնասի չափով՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է փաստաբան Վահե Գրիգորյանը։  

«Վճարումները ստանալու համար անձինք կարող են իրենց վճարման կտրոնները և անձը հաստատող փաստաթղթերը պարզ դիմումներով ուղարկել Երևանի քաղաքապետանին, տրամադրել հաշվեհամար, պահանջել իրենց կողմից կատարած վճարները որպես ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով հասցված վնաս փոխհատուցել։ Մերժման դեպքում կարող են դիմել դատարան»։

Քաղաքացիները վնասներ են կրել նաև վճարումները չկատարելու համար նշանակված տուգանքների հետևանքով: Փաստաբանն այս դեպքում էլ է նույն տրամաբանությամբ  առաջնորդվում․ քանի որ դատարանն անվավեր է ճանաչել վճարի չափը սահմանող որոշումը, ստացվում է՝ օրինական վճարման պահանջ ընդհանրապես գոյություն չի ունեցել: Հետևաբար, ըստ Վահե Գրիգորյանի, անօրինական է եղել նաև տուգանքների գանձումը:

«Բոլոր տուգանված անձինք կարող են երևան եկած նոր հանգամանքի հիմքով, այն է` տուգանքի հիմքում դրված նորմատիվ իրավական ակտի անվավեր ճանաչման հիմքով,  պահանջել բեկանել նախորդիվ կայացված տուգանք նշանակելու մասին որոշումները և պահանջել փոխհատուցում, սկզբում՝ Երևանի քաղաքապետարանից, իսկ մերժման դեպքում՝ վարչական դատավարության կարգով»։

Փաստաբանի դիրքորոշումը Երևանի քաղաքապետարանում հիմնավոր չեն համարում։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Արտյոմ Կարապետյանը բացատրում է․

«Դա հնարավոր չէ, մինչև օրինական ուժի մեջ մտնելը այդ որոշումը որևէ հիմք չի կարող հանդիսանալ՝ վերադարձի, փոխհատուցման կամ նույնիսկ հարցի քննարկման համար»։

Փաստաբան Վահե Գրիգորյանը բացատրում է՝ Երևանի քաղաքապետարանը, սպառելով ներպետական դատական ատյանները, բողոքարկման հնարավորություն չունի, սակայն ունի մեկ հնարավորություն։

«Քաղաքապետարանն ունի իր վարչարարական իրավունքներըչարաշահման միջոցով, զուտ մերժելով, որպեսզի անձիք գնան դատարան պրոցեսով»։

2024 թվականին ավտոկայանատեղիների վճարների ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 2 միլիարդ 18 միլիոն դրամ։ Այս գումարի 37%-ը՝ շուրջ 753 միլիոն դրամը, վճարվել է տարեկան կայանման համար։ Այսինքն՝ 3711 վարորդ 160 հազար դրամ վճարել է «Ա» գոտում 1 տարի կայանելու համար, իսկ 6627 վարորդ՝ 24 հազար դրամ Արաբկիրի «Բ» գոտու համար։

2025-ին ընդհանուր գումարը 10.8%-ով պակասել է՝ կազմելով 1 միլիարդ 801 միլիոն 230 հազար դրամ։ Նախորդ տարի 2699 վարորդ միանվագ 160 հազար դրամ է վճարել, 3022-ը՝ 24 հազար դրամ։

Leave a Comment