Թրամփը Չինաստանում կքննարկի Թայվանի հարցը․ Ռուբիո — Հայաստանի Հանրային Ռադիո

Թայվանի հարցը կքննարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Չինաստան կատարելիք առաջիկա այցի ընթացքում, սակայն այն այցի առանցքային թեման չի լինի, Հռոմում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Ես պարզապես կասեմ, որ հաջորդ շաբաթվա այցի և մասնավորապես Թայվանի համատեքստում, Միացյալ Նահանգների քաղաքականությունը մնում է անփոփոխ։ Մենք չենք ցանկանում ներկա իրավիճակում տեսնել որևէ հարկադված փոփոխություն, քանի որ կարծում ենք, որ դա անկայունություն կբերի», — ասել է Ռուբիոն։

Պետքարտուղարի խոսքով՝ Վաշինգտոնը Թայվանի նեղուցում կայունության պահպանումը կարևոր է համարում ամբողջ աշխարհի համար։ «Ես կանխատեսում եմ, որ հարցը կքննարկվի այցի ընթացքում, բայց չեմ կարծում, որ այն կլինի ուշադրության կենտրոնում, չնայած, անշուշտ, կլինի քննարկվող հարցերից մեկը։ Մենք կարծում ենք, որ նեղուցում կայունությունը բխում է Չինաստանի, Միացյալ Նահանգների և ամբողջ աշխարհի շահերից», — հավելել է նա։

Միևնույն ժամանակ, Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը հայտարարել է, որ Թայվանի հարցը կդառնա Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահի միջև առաջիկա բանակցությունների քաղաքական հիմքը։ Լին Ցզյանը նշել է, որ ամերիկյան կողմը պետք է խստորեն հետևի «մեկ Չինաստան» սկզբունքին և երեք համատեղ կոմյունիկեների, ինչպես նաև կատարի Սպիտակ տան նախորդ վարչակազմերի պարտավորությունները Թայվանի հարցի վերաբերյալ։

Թայվանը 1949 թվականից ի վեր կառավարվում է սեփական վարչակազմի կողմից։ Կղզին ունի սեփական ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարություն, բանակ և սահմանադրություն, չնայած չունի միջազգային լայն ճանաչում որպես անկախ պետություն:

Պեկինի պաշտոնական դիրքորոշման համաձայն, որը պաշտպանում են երկրների մեծ մասը, այդ թվում՝ Հայաստանը, այն ՉԺՀ-ի մասն է։

Leave a Comment