Ես շատ ջերմ եմ վերաբերվում Արտետային․ Էնրիկե

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի՝ Լոնդոնի «Արսենալի» դեմ կայանալիք եզրափակիչ հանդիպման սպասելիքներով։ Այս խաղը կկայանա մայիսի 30-ին՝ Բուդապեշտում։

«Լիգայի փուլում մենք ստացանք հնարավոր վատագույն վիճակահանությունը, ինչպես հաճախ է պատահում, իսկ հետո անընդհատ ստացվում էր այնպես, որ երբ մի բան էինք ուզում, բոլորովին այլ բան էինք ստանում։ Մենք ևս մեկ եզրափակիչ կանցկացնենք։ Սա պատմական պահ կլինի ակումբի համար և ևս մեկ հնարավորություն՝ շարունակելու պայքարը Չեմպիոնների լիգայում հաղթելու համար։ Նախորդ տարի մենք պատմություն կերտեցինք, և հիմա ցանկանում ենք պահպանել այդ թափն ու դրական էմոցիաներ պարգևել ակումբին»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում COPE-ը։

Խոսելով «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի մասին՝ Էնրիկեն հիշել է նրա հետ համատեղ անցկացրած տարիները «Բարսելոնայում»․

«Ես շատ ջերմ եմ վերաբերվում Արտետային, քանի որ մենք թիմակիցներ ենք եղել «Բարսելոնայում», երբ նա դեռ շատ երիտասարդ էր։ Նա հիանալի թիմ է ստեղծել, արդեն մի քանի տարի է՝ աշխատում է այնտեղ, և բոլորդ կարող եք տեսնել, թե ինչպիսի մարզիչ է նա։ Հասկանում եմ, որ շատ բարդ է լինելու, բայց մենք վստահ ենք մեր խաղաոճին և մեր առջև դրված խնդիրներին։ Վստահեցնում եմ՝ պայքարելու ենք մինչև վերջ»։

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչում ՊՍԺ-ն երկու խաղերի արդյունքում հաղթահարել էր Մյունխենի «Բավարիայի» արգելքը, իսկ «Արսենալը»՝ Ատլետիկոյի»:

Leave a Comment