Եվրոպան ահազանգում է գնաճի մասին, Միացյալ Նահանգները Իրանի դեմ պատերազմի արժեքն է հաշվում

Եվրոպական կենտրոնական բանկը չի վերանայել տոկոսադրույքները՝ չնայած գնաճի արագացված տեմպին։ Միջազգային մամուլը ահազանգ է հնչեցնում այս թեմայով։

Հորմուզի նեղուցում տիրող ճգնաժամի պատճառով  աշխարհի բազմաթիվ երկրներում թանկացել են վառելիքն ու էլեկտրաէներգիան։ Դա էլ ազդել է մյուս բոլոր ապրանքների գների վրա։ Տնտեսագետները կանխատեսում են, որ եթե Իրանի դեմ պատերազմը շարունակվի, ապա եկող տարի գնաճը կարող է ազդել միլիոնավոր եվրոպացիների գնողունակության վրա։

Եվրոպայում տնտեսական վիճակը վատթարանում է, իսկ ԵԿԲ–ն չի վերանայում տոկոսադրույքները։ Այս իրավիճակը պայմանավորված է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմով։ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով  աճել է էներգակիրների գինը։ Դա էլ դարձել է շղթայական գնաճի պատճառ։

ԵՄ ամենազարգացած տնտեսությունն ունեցող Գերմանիայում ապրիլին գնաճը մոտեցել է 3%-ին, հաղորդում է այդ երկրի վիճակագրական գրասենյակը։ Սա 2024 թվականի սկզբից ի վեր գնաճի ամենաբարձր ցուցանիշն է։

Իսպանիայում վիճակն ավելի բարդ է։ Գնաճըն այստեղ հասել է 3,5%-ի։ Չնայած գնաճի արագացված տեմպին, ԵԿԲ-ն չի փոխել տոկոսադրույքները։ Ավանդների դեպքում այն  2% է, որը սահմանվել էր 2025 թվականի հունիսից։

ԵԿԲ նախագահ Քրիստին Լագարդը կարծում է, որ իրավիճակը մոտ ապագայում դեռ չի շտկվի․

«Տնտեսական հեռանկարը դեռևս խիստ անորոշ է և պայմանավորված է Մերձավոր Արևելքում պատերազմի տևողությամբ, նաև այն հանգամանքով ,թե որքանով այն կազդի էներգետիկ և ապրանքային շուկաների, ինչպես նաև համաշխարհային մատակարարման շղթաների վրա»։

Տոկոսադրույքները գնաճի կառավարման հիմնական գործիքներն են, որոնք կիրառում են կենտրոնական բանկերը: Եթե գնաճը չափազանց բարձր է, տոկոսադրույքները բարձրացվում են՝ պահանջարկը զսպելու և այդպիսով գնային ճնշումը նվազեցնելու համար: Սակայն ԵԿԲ-ն չի շտապում խստացնել դրամավարկային քաղաքականությունը։

Տնտեսագետները կարծում են, որ տոկոսադրույքների բարձրացումը հետագայում կճնշի տնտեսական ակտիվությանը և կմեծացնի գործազրկությունը, և  թերևս դա է պատճառը, որ ԵԿԲ–ն առայժմ չի միջամտում։

Չնայած ԵԿԲ-ի հիմնական գործառույթներից մեկը գնաճը վերահսկելն է, կարգավորող մարմինը մտադիր չէ դա անել տնտեսական աճը զսպելու գնով, գրում է մամուլը։

Գերմանիայում էներգակիրների հետ կապված ծախսերն ավելացել են մոտ 10-%-ով։ Դա մեծ հարված է երկրի քաղաքացիների գրպանին, գրում է DW–ն։

Քանի որ Եվրոպայի տնտեսությունը մեծապես կախված է ներմուծվող հումքից, համաշխարհային գնաճն այստեղ ավելի ազդեցիկ է, քան ինքնաբավ երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը կամ Միացյալ Նահանգները:

Ապրիլի 30-ին Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը անցել է 126 դոլարից։ Դա ամենաբարձր ցուցանիշն է 2022 թվականի մարտից՝ ռուս–ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր։ ԱՄՆ-Իրան լարվածության մեծացումը ավելի է անհանգստացնում ներդրողներին:

ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը ևս իրավիճակի արագ հանգուցալուծում չի տեսնում․

«Համաշխարհային տնտեսությունը ցնցումների մեջ է, Ռուսաստանը նոր եկամուտներ է ստանում նավթի բարձր գներից, իսկ Սկանդինավյան և Բալթյան երկրներ ամերիկյան զենքի մատակարարումները հետաձգվում են։ Եվրոպայի համար նավարկության ազատությունը քննարկման ենթակա չէ։ ԵՄ արտաքին գործերի նախարարներն արդեն համաձայնել են ընդլայնելու Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ նավագնացության սահմանափակումների պատճառով։ Մեր ռազմածովային գործողությունները կարող են ավելի մեծ դեր խաղալ էներգետիկ և առևտրային հոսքի վերականգնման գործում»։

ԵՄ երկրներում առկա գնաճին զուգահեռ ուշագրավ դիտարկումներ են շրջանառվում Իրանի դեմ պատրազմական ծախսերի վերաբերյալ։ CBS News-ի Պենտագոնի աղբյուրները հայտնում են, որ Իրանի դեմ ԱՄՆ–ի գործողությունների արժեքը անցնում է 50 մլրդ դոլարը։ Թեև ամերիկյան Կոնգրեսի լսումների ժամանակ «Էպիկական կատաղություն» գործողությունը գնահատվել է 25 մլրդ դոլար, միջազգային մամուլը գրում է, որ իրականում այն կրկնակի է։

Տնտեսագետների կանխատեսմամբ, եթե հակամարտությունը Մերձավոր Արևելքում ձգձգվի, 2027 թվականին Եվրոպայում գնաճը կարող է հասնել 5%-ի։ Դա թանկ կյանքի և ցածր գնողունակության երկարատև շրջան կարող է ստեղծել միլիոնավոր եվրոպացիների համար:

Leave a Comment