Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1146-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը։
ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված նախագծի ընդունումը պայմանավորված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակի (e-draft) բարելավման և հանրային քննարկումների կազմակերպման ընթացակարգերի արդիականացման անհրաժեշտությամբ։
Առաջարկվող փոփոխությունները
Նախագծով նախատեսվում է սահմանել նոր կարգավորում, ըստ որի՝
- ֆիզիկական և իրավաբանական անձինք e-draft համակարգում նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկություններ կարող են ներկայացնել բացառապես «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով մուտք գործելով համակարգ.
- նախատեսվում է անցումային կարգավորում, որի համաձայն՝ գործող օգտատերերը որոշման ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում համակարգ մուտք գործելու հնարավորություն կունենան նաև էլեկտրոնային փոստի և գաղտնաբառի միջոցով.
նպատակ է դրվում բարձրացնել համակարգի անվտանգությունը և նույնականացման գործընթացի հուսալիությունը։
Առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է պետական մարմինների էլեկտրոնային համակարգերում նույնականացման միասնական և առավել անվտանգ գործիքների ներդրման պահանջով, ինչպես նաև հանրային ծառայությունների թվայնացման գործընթացի արդիականացմամբ։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է
- բարելավել իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկումների կազմակերպման գործընթացը.
- ապահովել օգտատերերի ավելի անվտանգ և հստակ նույնականացում.
- արդիականացնել e-draft համակարգի տեխնիկական և գործառնական լուծումները.
- նպաստել պետական ծառայությունների թվայնացման և արդյունավետության բարձրացմանը։
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից և չի պահանջում լրացուցիչ ֆինանսական միջոցներ պետական բյուջեից։