ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պատվիրակությանը 

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 21-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են ՀՀ Ազգային ժողովից, ողջունելով բարեկամական խմբի անդամներին Հայաստանում` Ալեն Սիմոնյանը կարեւորել է նման փոխադարձ այցերի կազմակերպումը երկկողմ կապերի զարգացման տեսանկյունից:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես միջխորհրդարանական համագործակցությանը եւ երկկողմ կապերին վերաբերող թեմաները, այնպես էլ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը:

Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի Հանրապետության Սենատի պատվիրակության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող հայ գերիների, պահվող անձանց եւ անհետ կորած համարվողների խնդրին:

Leave a Comment