Հայաստանից Թուրքիա միաժամանակ 2 երկու պատվիրակության մեկնումից հետո ինչպես հայաստանյան, այնպես էլ թուրք-ադրբեջանական քաղաքական հարթակներից բազմապիսի քաղաքական մեսիջներ են հնչել։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությունների այցերը Թուրքիա դարձել են քաղաքական ուղերձների փոխանակման հարթակ, որտեղ կողմերը ձևակերպել են դիրքորոշումներն ու մոտեցումները ինչպես հայ-թուրքական, այնպես էլ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման քայլերի, այդ թվում՝ խաղաղության հաստատման համատեքստում։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն Անթալիայի V դիվանագիտական ֆորումի պանելային քննարկմանը կարծիք է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն արդեն անցյալում է, ապա կրկին շեշտել Բաքվի տեսակետը, թե իր «երկիրը քաղաքական, ռազմական և ռազմաքաղաքական միջոցներով ամբողջությամբ վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։
Նույն պանելային քննարկմանը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդգծել է, որ տարածաշրջանում ձևավորվող նոր իրավիճակում պետք է շեշտադրել ոչ թե արդեն կայացած իրողությունները, այլ՝ ապագային ուղղված հնարավորությունները.
«Այժմ առկա է բոլորովին նոր դինամիկա։ Գիտեք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս նոր դինամիկան տեսանելի է նաև տարբեր ֆորումներում։ Եթե նախկինում, ասենք, մեկ կամ երկու տարի առաջ նույն հարթակում հանդես էին գալիս Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներ, բոլորն ակնկալում էին տեսնել լարված բանավեճ կամ բախում։ Այժմ մենք այստեղ ենք՝ քննարկելու ընդհանուր ապագայի հնարավորությունները, գործակցությունը և ունենալու իրական երկխոսություն»։
Խաղաղության կարևորման համատեքստում, սակայն, Բաքվից շարունակում են հնչել պաշտոնական Երևանի համար անընդունելի ձևակերպումներ։ Ադրբեջանական կողմը փորձում է առաջ մղել տարածաշրջանային հաղորդակցությունների վերաբերյալ իր պատկերացումը։ Սյունիքով անցնելիք ճանապարհի մասին խոսելիս Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը կրկին «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումն է կիրառել։
Հայաստանը բազմիցս է շեշտել, որ չի ընդունում Ադրբեջանի այսպես ասած «միջանցքային» տրամաբանությունը և անընդունելի է համարում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այդ առումով Անթալիայում կարևորել է քաղաքական որոշումների անհրաժեշտությունը.
«Ինչպես խաղաղության հասնելը պահանջեց քաղաքական խիզախություն և որոշումներ, այնպես էլ այժմ մենք պետք է առաջ շարժվենք նոր, շատ կարևոր քաղաքական որոշումներով՝ տարածաշրջանում հաղորդակցությունների բացման ուղղությամբ՝ ստեղծելով մեր երկրների միջև լրացուցիչ փոխկապակցվածություն, ինչպես նաև դառնալով կամուրջ և անխոչընդոտ կապ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հեռավոր Արևելքի միջև»։
Այս հայտարարություններին զուգահեռ՝ Բաքուն այլ ուղերձներ ևս հնչեցրեց։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ՄԱԿ-ի հանձնաժողովներից մեկի նստաշրջանում Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ավելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ և, նրա ձևակերպմամբ, «Արևելյան Զանգեզուր» այսպես կոչված «Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակում։ Ալիևը հիշեցրել է քաղհասարակության ներկայացուցիչների փոխայցերը, դա համարել վստահության ամրապնդման հիմք, ապա նաև խաղաղության պտուղը համարել Բաքվի և Երևանի միջև առևտրային հարաբերությունների հաստատումը։
Այս շրջանում հատկապես ակտիվացել են Բաքվից հնչող հայտարարությունները Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ։ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովն անգամ սեփական կանխատեսումն է արել, թե մարդկանց մոբիլիզացնելուՓաշինյան-Քոչարյան մրցակցության մեջ երկրորդի շանսերն ավելի փոքր են։
TRIPP-ի կյանքի կոչել-չկոչելը ևս Բաքվում դիտարկում են նախընտրական տրամաբանության մեջ։ Անդրադառնալով Քոչարյանի խոսքին, թե նախագիծը խնդիրներ է ենթադրում Հայաստանի համար, Մամեդյարովը փոխանցել է իր տպավորությունը, թե Հայաստանի ընդդիմադիրներն ի սկզբանե դեմ են եղել TRIPP-ին։
«Շատ բան կախված է Հայաստանի ղեկավարությունից, թե ինչպես այն կիրականացնի այդ նախագիծը։ Իհարկե, շատ բան կախված է նաև ամերիկացիների դիրքորոշումից, բայց ինձ թվում է, որ ամերիկյան օպերատորները, չնայած իրանական գործոնին, կցանկանան բավականին ակտիվ աշխատել նախագծի ուղղությամբ»։
Այս համատեքստում ուշագրավ է Թուրքիայում գործող մի շարք հայկական լրատվամիջոցների հետ հանդիպմանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանն իր լոբբիստական ազդեցությամբ խոչընդոտում է Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը։
ԱԺ նախագահի ձևակերպմամբ՝ ներկայում հայ-թուրքական հարաբերություններում չկան անհապաղ լուծում պահանջող խնդիրներ, և Երևանը սպասում է ցամաքային սահմանի խոստացված և շարունակ հետաձգված բացմանը:
Սիմոնյանը թվարկել է այս ընթացքում իրար հաջորդած փուլերը՝ նկատելով՝ սկզբում ասվում էր, որ սահմանը չի բացվի մինչև Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը։ Հետո հայտարարեցին, որ Ղարաբաղի հարցը լուծված է։ Հետո առաջ քաշեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը։
«Մենք դժվարությամբ և երկար բանակցեցինք համաձայնագրի 17 կետերի շուրջ։ Այնուհետև Ադրբեջանը սկսեց բանակցել Հայաստանի հետ։ Սա տարօրինակ իրավիճակ է։ Թուրքիան կարծես այս հարաբերություններից կախվածության մեջ է՝ ձևակերպել է ԱԺ նախագահը։ Սիմոնյանը շեշտել է, որ շատ խնդիրներ կան լուծելու Ադրբեջանի հետ։ Առաջնային տեղում է Բաքվում պահվող 19 հայերի հարցը։
Բաքվից և Անկարայից հնչող քաղաքական ուղերձները շատ հաճախ ուղղակիորեն կապվում են Հայաստանում գնալով թեժացող նախընտրական այս շրջանում կիրառվող, անգամ քարոզչական թեզի վերածված «խաղաղություն, թե պատերազմ» խոսույթի հետ։ Ընդդիմությունն իշխանությանը մեղադրում է «չերաշխավորված խաղաղության», իսկ իշխանությունը ընդդիմությանը՝ «պատերազմ հրահրելու» խոսույթի համար։ Երկու կողմում էլ առանցքային են համարում Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում որդեգրած մոտեցումները։