ԲՏԱ նախարարությունը և Firebird AI-ը կնքվել են 25 մլն դոլարի ԱԲ ռեսուրսների ձեռքբերման պայմանագիր

ՀՀ կառավարությունը Հրազդանում կառուցվող Firebird AI ընկերությունից ձեռք կբերի  ԱԲ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ՝ 5 տարի ժամկետով:

Ապրիլի 17-ին տեղի ունեցավ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Firebird AI ընկերության միջև 25 միլիոն դոլարի համաձայնագրի ստորագրման արարողությունը։

Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը կարևորեց Հայաստան-սփյուռք համագործակցությունը,  նշեով, որ այն ինչ այժմ իրականություն է դառնում, միայն համատեղ ջանքերի արդյունք է։

Հաշվողական ռեսուրսները կտրամադրվեն «Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի»  միջոցով, որը գործարկվել է ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից, հանդիսանում է նորարարությունների և համագործակցության բաց հարթակ։

Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը ևս կարևորեց համագործակցությունը, փաստելով, որ նման մեծամասշտաբ ծրագիրը միայնակ իրականություն դարձնելն անհնար կլիներ։

Ալեքսանդր Եսայանը ներկաներին հայտնեց, որ առաջիկայում արդեն նու ծրագրերի մեկնարկը կտրվի, որը կաջակցի կրթական ոլորտում գործող ստարտափներին։ Բուն ծառայությունների մատուցումը Firebird AI-ը կմեկնակրկի հունիսին։

Պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությանը ներկա էր նաև NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը։ Նա հիշեց, որ այս գործարքի արմատները գնում են դեպի 2018թվական՝ հեղափոխությունից կարճ ժամանակ անց, երբ նա հրավիրված է եղել հանդիպման վարչապետ Փաշինյանի հետ՝ տեխնոլոգիաների հարցով խորհրդատվություն տրամադրելու, և քննարկելու, թե ինչ է սպասվում արհեստական բանականության ոլորտում։

Ավելի ուշ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սոցիալական ցանցի իր էջում հայտնելով այս մասին գրել էր,-«Հիշեցնեմ, որ այս ծրագիրը գալիս է աջակցելու արհեստական բանականության ոլորտում գործունեություն իրականացնող ստարտափներին, գիտահետազոտական խմբերին, ուսումնական հաստատություններին և անհատ մասնագետներին՝ ապահովելով բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ արհեստական բանականության համակարգերի նախագծման, ուսուցման և տեղակայման համար։  Դե ինչ, շնորհավորում եմ բոլորիս տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում պետություն-մասնավոր ձևաչափով հերթական ռազմավարական ներդրումն անելու կապակցությամբ»։

Leave a Comment