Դատախազների համազգեստում կկատարվեն փոփոխություններ

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ գլխավոր դատախազության կողմից հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 1158-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով նախատեսվում է դատախազների համազգեստի առանձին բաղադրիչների նկարագրերում կատարել տեխնիկական բնույթի շտկումներ՝ միասնականություն ապահովելու նպատակով, ինչպես նաև սահմանել մուգ կանաչ գույնի բաճկոնի թևքանշանի նկարագիրը։

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի 68-րդ հոդվածի համաձայն՝ դատախազներին պետական բյուջեի միջոցների հաշվին տրվում է համազգեստ։ Համազգեստի, տարբերանշանների նկարագիրը, դատախազության խորհրդանիշը և համազգեստի տրամադրման ժամկետները սահմանում է ՀՀ կառավարությունը։

Ի կատարումն «Դատախազության մասին» ՀՀ օրենքի այդ դրույթի՝ ներկայումս գործում է ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 1158-Ն որոշումը, որով հաստատված են դատախազների համազգեստը, տարբերանշանների նկարագիրը, դատախազության խորհրդանիշը և համազգեստի տրամադրման ժամկետները։

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ դատախազը պարտավոր է դատական նիստերին ներկայանալ պատշաճ համազգեստով։ ՀՀ գլխավոր դատախազի տարբեր հանձնարարականներով և հրամաններով դատախազներին հանձնարարվել է պաշտոնեական պարտականություններն իրականացնելիս մշտապես լինել համապատասխան հագնվածքով, իսկ դատական նիստերին ներկայանալ բացառապես դատախազի համազգեստով։ Դատախազի՝ մշտապես պատշաճ համազգեստով ներկայանալը, ի թիվս այլնի, հանրության լայն շրջանակներում դատախազության հեղինակության վրա ազդող, դատախազի նկատմամբ հանրային վստահությունը և ընկալելիությունը բարձրացնող գործոններից է։

ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 4-ի N 1278-Ն որոշմամբ կատարված փոփոխություններով և լրացումներով որպես արական և իգական սեռի դատախազներին տրամադրվող համազգեստի բաղկացուցիչ մաս լրացվել է նաև մուգ կապույտ գույնի ամենօրյա երկարաթև լրակազմը, որն իր մեջ ներառում է բաճկոն, տաբատ և շապիկ՝ բոլոր եղանակային պայմաններին համապատասխանող պատշաճ հագուստ կրելու՝ դատախազների հնարավորությունն ապահովելու նպատակով։ Բացի այդ, որպես ՀՀ գլխավոր դատախազի և զինվորական դատախազության դատախազների համազգեստի բաղկացուցիչ մաս լրացվել է արական և իգական սեռի դատախազների՝ մուգ կանաչ գույնի ամենօրյա երկարաթև լրակազմը։

Նշված փոփոխությունների գործնական կիրարկման ընթացքում առաջացել է համազգեստի առանձին բաղադրիչների նկարագրերում որոշակի շտկումներ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն՝ համազգեստի բոլոր բաղադրիչների նկարագրերի միատեսակությունն ապահովելու նպատակով։ Միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազի և զինվորական դատախազության դատախազների համազգեստի բաղկացուցիչ մաս կազմող մուգ կանաչ գույնի ամենօրյա երկարաթև լրակազմում ներառված բաճկոնի թևքանշանի նկարագիրը, բաճկոնի գույնով պայմանավորված, ունի որոշակի առանձնահատկություն, որը որոշմամբ սահմանված չէ, ուստի անհրաժեշտություն է առաջացել սահմանելու նաև նշված թևքանշանի նկարագիրը։

Առաջարկվող փոփոխությունները

Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 1158-Ն որոշման հավելվածում կատարել տեխնիկական բնույթի փոփոխություններ և լրացումներ՝ համազգեստի բոլոր բաղադրիչների նկարագրերի միասնականությունն ապահովելու նպատակով։

Փոփոխությունները վերաբերում են տաբատի, բաճկոնի, գոտու և թևքանշանների նկարագրերին։ Մասնավորապես, հանվում են կամ փոխարինվում են որոշ տեխնիկական բնութագրիչներ՝ ապահովելով համազգեստի նույնանման բաղադրիչների նկարագրերի միասնականությունը։ Օրինակ, փոփոխվում է տաբատի վրակարվածքի նկարագիրը բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար, գոտու լայնությունը սահմանվում է 25 մմ, հստակեցվում են թևքանշանների չափերը։

Նախագծով սահմանվում է նաև ՀՀ գլխավոր դատախազի և զինվորական դատախազության դատախազների համազգեստի բաղկացուցիչ մաս կազմող մուգ կանաչ գույնի ամենօրյա երկարաթև լրակազմում ներառված բաճկոնի թևքանշանի նկարագիրը։ Թևքանշանը տեղադրվում է ձախ թևի ուսակարից 90 մմ ներքև՝ Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշի պատկերով։ Միաժամանակ լրացվում է, որ ՀՀ գլխավոր դատախազի և զինվորական դատախազության դատախազների մուգ կանաչ բաճկոնի դեպքում թևքանշանը պատկերվում է կանաչ ֆոնի վրա։

Ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունմամբ դատախազների համազգեստի առանձին բաղադրիչների նկարագրերը կհամապատասխանեցվեն համազգեստի նույնանման բաղադրիչների նկարագրերին, ինչպես նաև կսահմանվի ՀՀ գլխավոր դատախազի և զինվորական դատախազության դատախազների համազգեստի բաղկացուցիչ մաս կազմող մուգ կանաչ գույնի ամենօրյա երկարաթև լրակազմում ներառված բաճկոնի թևքանշանի նկարագիրը։

Ֆինանսական ազդեցությունը

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության 5-րդ՝ «Քրեաիրավական ոլորտի բարեփոխումներ» նպատակի «Դատախազների բարեվարքության ամրապնդում» ռազմավարական ուղղությունից։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից,- տեղեկացնում է Iravaban.net-ը։

Leave a Comment