15 ապրիլի 2026 – 15:39 AMT
PanARMENIAN.Net – Ռեժիսոր, սցենարիստ, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի «Անկախության մեր ճանապարհը» վավերագրական ֆիլմն արդեն հասանելի է Հանրայինի յութուբյան պաշտոնական էջում։ Այդ մասին հայտնել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:
«Արգելված ֆիլմն» արդեն հասանելի է Հանրայինի յութուբյան պաշտոնական էջում։ Ինչու ենք հիմա տեղադրում
Դատարանը վերջերս որոշում հրապարակեց, որով արձանագրվեց, որ հեղինակը խախտել է Հանրային հեռուստաընկերության հեղինակային իրավունքները։ Ավելի վաղ հեղինակը խախտել էր նաև ֆիլմի հանձնման ժամկետները։
Արդյունքում, հիմա, երբ վերականգնվել են Հանրային հեռուստաընկերության իրավունքները, Հանրային հեռարձակողի խորհրդի համաձայնությամբ ֆիլմը դարձնում ենք հրապարակային հասանելի, որպեսզի բոլորը կարողանան գնահատել այն։
Այսքանով այս պատմությունը համարում եմ սպառված»,- գրել է Մովսիսյանը։
Տիգրան Պասկևիչյանը 2020 թվականին Հանրային հեռուստաընկերության պատվերով նկարահանել է «Անկախության մեր ճանապարհը» վավերագրական ֆիլմը՝ ներկայացնելով 1988-1991 թվականներին տեղի ունեցած քաղաքական գործընթացները։ Սակայն երկար ժամանակ այն չի ցուցադրվել, չնայած այն հանգամանքին, որ նկարահանվել է պետական բյուջեի միջոցներով։ Ավելին, Հանրային հեռուստաընկերությունը դատարանի միջոցով սահմանափակել է ֆիլմի ցուցադրության տարբեր ձևաչափերը, ներառյալ դահլիճային ցուցադրությունները, հայտնում է Panorama.am-ը:
Պասկևիչյանը նշել էր. «Քանի որ չունեմ որևէ ողջամիտ պատասխան, թե ինչու ֆիմը չի ցուցադրվում, հակված եմ ենթադրելու՝ չի ցուցադրվում քաղաքական պատճառներով։ Ներկա իշխանությունը փորձում է ռևիզիայի ենթարկել Հայաստանի նորագույն պատմությունը սկսած 1988 թվականից։ Լսած կլինեք Նիկոլ Փաշնյանի բոցաշունչ ելույթներն այն մասին, որ Ղարաբաղյան շարժումը սխալ էր, ական էր։
Ստեղծել եմ ֆիլմ՝ հիմնված իրական փաստերի վրա։ Մի հատ թող տեսնեն իրական փաստերն ու համեմատեն Նիկոլ Փաշինյանի բացականչությունների հետ»։