Հանձնաժողովը հավանություն է տվել ոստիկանության վերաբերյալ օրենսդրական փաթեթին

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Ոստիկանությունում ծառայության մասին» եւ կից օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցը քննարկվել է հանձնաժողովի՝ ապրիլի 15-ի արտահերթ նիստում: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ ազգային ժողովից։

Կառավարությունն առաջարկում է ոստիկանությունում ներդնել կատարողականի գնահատման նոր համակարգ: Կատարողականի ընդհանուր գնահատականը կազմված է լինելու ծառայողին վերապահված գործառույթների իրականացման արդյունավետության գնահատականից, ծառայողների ֆիզիկական եւ կրակային պատրաստականության աստիճանը գնահատելու նպատակով անցկացված տարեկան ստուգարքի արդյունքներից:

Առաջարկվում է վերապատրաստման պահանջը տարածել նաեւ ոստիկանության կրտսեր եւ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ: Հաշվի առնելով ոստիկանապետի պաշտոնի առանձնահատկությունը՝ նախատեսվում է վերապատրաստման հնարավորություն:

Կատարողականի նոր համակարգը նախատեսվում է ներդնել 2027 թվականի հունվարի 1-ից:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ Կառավարությունն օրենսդրական փաթեթի վերաբերյալ բովանդակային առաջարկներ չի ներկայացրել: Կատարվել են իրավական տեխնիկային վերաբերող մի քանի շտկումներ:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթի վերաբերյալ հրավիրվել է աշխատանքային քննարկում, որի ընթացքում պատգամավորները երկու խումբ առաջարկներ են ներկայացրել:

Մասնավորապես, առաջարկվում է ոստիկանությունում ծառայության անցնելու հնարավորություն նախատեսել նաեւ վերջին 5 տարիների ընթացքում աշխատանքային հարաբերությունները դադարեցրած ծառայողների համար: «Փրկարար ծառայության մասին» օրենքից էլ առաջարկվում է հանել փրկարար ծառայության անցնելու տարիքային շեմը սահմանող դրույթը:

Պատգամավորներն առաջարկում են օրենադրական փաթեթը համալրել նոր՝ «Կատարողական վարույթի մասին», «Ոստիկանության բարեվարքության եւ կարգապահական կանոնագիրք», «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» եւ «Օտարերկրացիների մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքների նախագծերով:

Ներկայացված առաջարկներն ընդունվել են Կառավարության կողմից:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթի լրամշակված տարբերակին:

Leave a Comment