
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան իր ֆեյսբուքյան էջում տարածած հայտարարության մեջ նշել է, որ ապրիլի 3-ին տեղեկացվել է ապրիլի 11-ին նախատեսված ՀԱՕԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստի և դրա օրակարգի մասին։
«Հարկ է նշել, որ ՀԱՕԿ-ի կանոնադրությամբ ՀԱՕԿ-ի նախագահը և վերստուգիչ հանձնաժողովի անդամները պաշտոնավարում են չորս տարի։ Վերջին անգամ նախագահի և անդամների ընտրությունը տեղի է ունեցել 2021 թվականի սեպտեմբերի 9-ին, ինչը նշանակում է, որ վերջիններիս պաշտոնավարումը պետք է ավարտվեր 2025-ի սեպտեմբերի 9-ին և դրանից հետո կայացված բոլոր որոշումները, այդ թվում՝ հրավիրված նիստը չեն կարող համարվել վավեր և իրավաչափ»,- ասված է հայտարարության մեջ։
Ծանրամարտի ֆեդերացիան նշել է, որ ուղարկված օրակարգում միայն նշված է, որ տեղի են ունենալու ընտրություններ։
«Պարզ չէ՝ որ մարմիններն են ձևավորվելու, ովքեր են թեկնածուները, ինչը խախտում է ֆեդերացիայի՝ որպես ՀԱՕԿ անդամի ընտրելու և ընտրվելու իրավունքը»,- նշված է հայտարարության մեջ։
Այս հանգամանքն էլ հաշվի առնելով` ֆեդերացիան դիմել է դատարան` «վիճարկելով տեղի ունեցող գործընթացների օրինականությունը»։