Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Հայաստանի խոշոր գործարարների հետ։ Հանդիպման ժամանակ վարչապետը փաստել է, որ գործարարների շնորհիվ 2018-ից մինչև օրս ՀՀ-ում 288 հզր աշխատատեղ է ստեղծվել։ Նաև նշել է, որ ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրում տարեկան 25 հզր աշխատատեղ ստեղծելու նպատակ է ամրագրված։
Առաջիկայում մեծ իրադաձություններ են սպասվում, քանի որ Հայաստանը տնտեսական զարգացման նոր շրջափուլ է մտնում։ Դա կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացի հետ․ խոշոր գործարարների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․
«Առաջիկայում մեծ իրադարձություններ են սպասվում, որը կապված է առաջին հերթին TRIPP նախագծի գործարկման հետ, որը էական է նրանով, որ Հայաստանի Հանրապետությունն ի վերջո ամբողջական դուրս է բերելու շրջափակման վիճակից: Բայց, ըստ էության, այսօր էլ է Հայաստանը հաղթահարել շրջափակումը, որովհետև գիտեք, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հնարավոր է իրականացնել երկաթուղային բեռնափոխադրումներ և իրականացվում են, բայց ուզում եմ ասել նաև, որ արտահանումներ ևս հնարավոր է իրականացնել երկաթուղով, իհարկե, Վրաստանի տարածքով, մինչև մենք Ադրբեջանի հետ առաջին հերթին TRIPP նախագծի շրջանակներում երկաթուղին կբացենք: Եվ սա շատ կարևոր է և քաղաքական պայմանավորվածությունը հետևյալն է, որ այդ երկաթուղին երբեք չի փակվելու։ Այսինքն՝ դա և ներմուծման և արտահանման հուսալի ուղի է»։
Երկաթուղին արտահանման համար չի օգտագործվում, քանի որ վստահության հարց կա, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նաև նշել է, որ պետք է փոխվեն և՛ պլանավորումը, և՛ լոգիստիկ շղթաները։

Վարչապետն ասել է, որ 2018-ից մինչև օրս ՀՆԱ արդյունքն աճել է 53 %-ով, 2026-ին՝ ՀՆԱ աճն ավելին է, ինչը հիմք է տալիս ասելու, որ Հայաստանի տնտեսությունը հասել մի կետի, որտեղ արդեն բիզնես-բիզնես, պետություն-բիզնես, պետություն-աշխատող, աշխատող-գործատու հարաբերությունները պետք է զարգանան նորովի։ Այս առումով, վարչապետը կարևորել է խոշոր գործարարների հետ հանդիպումը առկա հարցերը վեր հանելու, քննարկելու համար։
Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանն իր պատմության ընթացքում չի ունեցել այսպիսի աննախադեպ հնարավորությունների ժամանակաշրջան, ինչպիսին հիմա է։ Նա վստահ է, որ հարկավոր է այս իրավիճակն անընդհատ օգտագործել։
«Կան ոլորտներ և կան ընկերություններ, որոնց դերը ՀՀ-ում դժվար է գերագնահատել, և շատ կարևոր է, որ այդ ընկերությունները որոշակի նոր մենթալիտետ, նոր մտածողություն և նոր կուլտուրա են բերում ՀՀ, ինչը իրականում ամենակարևոր կապիտալն է, ինչը նոր տարածքներ է բացում՝ գործունեության նոր ոլորտներ մտնելու համար, որը մեզ համար անծանոթ է եղել»։
ՀՀ վարչապետը առանձնակիորեն կարևորել է առողջապահության ապահովագրության ներդրումը, ինչը զգալիորեն թեթևացրել է մարդկանց հոգսը։ Իսկ առողջապահության ապահովագրությունից օգտվողների գործատուներին ՀՀ վարչապետը հորդորեց ուշադիր լինել․
«Այն մարդիկ, որ այսպես ասած՝ սահմանային աշխատավարձ են ստանում կապված առողջապահության ապահովագրության շահառու դառնալու հետ, նրանք այդ խնդիրը շատ են բարձրացնում։ 200 հազար և ավելի դրամ ստացող աշխատողները նոր հարցեր են բարձրացնում առողջապահության ապահովագրության հետ, որ ասում են եզրային է կամ աշխատավարձի ստվերային հատված կա։ Այն դեպքերում, երբ մոտ են եզրին, օրինակ 195 հազար է, իսկ նման աշխատավարձեր կան։ Շատ շնորհակալ կլինեինք, եթե մեր գործատուները, այդ եզրային աշխատավարձերին մի քիչ ուշադիր լինեին»։
Ուշագրավ է նաև, որ աշխատուժի ներհոսք կա ՀՀ։ Վարչապետ Փաշինյանի կարծիքով՝ սա հետաքրքիր է, հատկապես եթե հաշվի առնենք, որ երկրում գործազրկություն կա, բայց դրսից աշխատողներ են ներգրավվում։
Վարչապետը ուշադրություն հրավիրեց նաև մի մտահոգիչ հարցի վրա․ երբ անգործ մարդուն գործ են առաջարկում, բայց նա հրաժարվում է։ Շատ դեպքերում խնդիրը ցածր աշխատավարձն է՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա պարզաբանեց, որ մարդուն երեք անգամ աշխատանք են առաջարկելու, և եթե այդ դեպքում էլ նա հրաժարվի աշխատելուց, նշանակում է՝ եկամտի այլ աղբյուր ունի։