ԶԻՆԱՊԱՀԸ ֆինանսական հատուցում է տրամադրում, եթե մահվան կամ առողջության խեղման դեպքը տեղի է ունեցել 2017թ. հունվարի 1-ից հետո։ Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ԶԻՆԱՊԱՀ-ից։
ԶԻՆԱՊԱՀԻ Հոգաբարձուների խորհրդի համապատասխան որոշումների համաձայն՝ հատուցման գումարներ են վճարվում նաև 2008թ․ ի վեր տեղի ունեցած դեպքերով։
2008-2016թթ․ տեղի ունեցած դեպքերով հատուցման գումարները տրվում են ամսական հավասար վճարի և պետական բյուջեից վճարվող կենսաթոշակների ու պարգևավճարների տարբերության չափով։
Միանվագ տրվող գումարը այս դեպքում չի վճարվում։
ԶԻՆԱՊԱՀԻ միջոցով հատուցվում է Հայրենիքի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների դեպքում հետևյալ անձանց․
- զոհված կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում՝ ընտանիքի անմիջական անդամներին՝ հայր, մայր, գրանցված կամ չգրանցված կին կամ ամուսին, երեխաներ
- 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը և ծանր սահմանափակում ունեցող զինծառայողներին
Յուրաքանչյուր շահառուին վճարման ենթակա՝ միանվագ վճարվող գումարի չափը և ամսական հավասար վճարի չափը որոշվում է, համապատասխանաբար, հատուցման միանվագ վճարվող գումարը և ամսական հավասար վճարը բոլոր շահառուների թվի վրա բաժանելու միջոցով։
Երեք և ավելի երեխայի (անչափահաս կամ մինչև 23 տարեկան ուսանող զավակի) դեպքում տրվող լրացուցիչ գումարը վճարվում է բացառապես այդ գումարի իրավունք ունեցող երեխաներին։ Ըստ այդմ, յուրաքանչյուր երեխային (անչափահաս կամ մինչև 23 տարեկան ուսանող զավակի) վճարման ենթակա լրացուցիչ գումարի չափը որոշվում է, լրացուցիչ գումարը՝ 100,000 դրամը լրացուցիչ գումարի իրավունք ունեցող բոլոր երեխաների և զավակների թվի վրա բաժանելու միջոցով։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել ԶԻՆԱՊԱՀ։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։