ԱՄՆ-ն և Իրանը չեն կարողացել հասնել համաձայնության պատերազմի դադարեցման շուրջ Իսլամաբադում կայացած բանակցություններից հետո, հաղորդում է Reuters-ը։
Բանակցությունները տևել են շուրջ 21 ժամ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ կողմերը համաձայնության չեն հասել, և, նրա խոսքով, դա ավելի վատ նորություն է Իրանի համար, քան ԱՄՆ-ի։ Նա նշել է, որ Թեհրանը չի ընդունել Վաշինգտոնի պայմանները, այդ թվում՝ միջուկային զենք ստեղծելուց հրաժարվելու վերաբերյալ։
«Մեզ անհրաժեշտ է հստակ պարտավորություն, որ նրանք չեն ձգտի ունենալ միջուկային զենք և չեն փորձի ձեռք բերել այն արագ ստեղծելու գործիքներ»,- ասել է Վենսը։
Իրանական Tasnim գործակալությունը հայտնել է, որ համաձայնության չհասնելու պատճառն ԱՄՆ-ի «չափազանց» պահանջներն են։ Իրանական այլ ԶԼՄ-ներ նշել են, որ մի շարք հարցերի շուրջ կողմերը մոտեցել են համաձայնության, սակայն հիմնական տարաձայնությունները վերաբերում են Հորմուզի նեղուցին և Իրանի միջուկային ծրագրին։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ բանակցությունները անցել են փոխադարձ անվստահության մթնոլորտում՝ նշելով, որ մեկ փուլում համաձայնության հասնել չէր էլ ակնկալվում։
Reuters-ի տվյալներով՝ բանակցություններից հետո ԱՄՆ և Իրանի պատվիրակությունները հեռացել են Իսլամաբադից։ ԱՄՆ պատվիրակության կազմում էին նաև հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները, իսկ Իրանի կողմից մասնակցել են խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Գործակալությունը նշում է, որ մինչ բանակցությունները իրանական աղբյուրները պնդում էին՝ ԱՄՆ-ը պատրաստ է ապասառեցնել Իրանի ակտիվները Կատարում և այլ երկրների բանկերում, սակայն Վաշինգտոնը հերքել է այդ տեղեկությունը։ Ըստ աղբյուրների՝ Թեհրանը պահանջել է նաև վերահսկողություն Հորմուզի նեղուցի նկատմամբ, ռազմական փոխհատուցումներ և հրադադար ամբողջ տարածաշրջանում, այդ թվում՝ Լիբանանում։
ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ էին հասցրել Իրանին փետրվարի 28-ին: Հարձակումների հետևանքով զոհվել էին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին: Թեհրանը պատասխանել էր՝ հարվածներ հասցնելով տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որը ներառում էր Հորմուզի նեղուցի անհապաղ բացումը:
