Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ-ի նախընտրական ծրագրի՝ եկեղեցու վերաբերյալ դրույթները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ խստորեն դատապարտել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ «մերժելի դրույթների ընդգրկումը»:

Մայր Աթոռից ընդգծել են, որ նման նախաձեռնությունները դուրս են քաղաքական ուժերի և պետական ինստիտուտների լիազորություններից:

«Կաթողիկոսի ընտրությունը և եկեղեցական անդաստանում որևէ բարեկարգում բացառապես հոգևոր-կանոնական տիրույթում են, ուստի և դուրս են քաղաքական կուսակցությունների և պետական իշխանությունների իրավասություններից», – ասված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ ծրագրում Եկեղեցու բարենորոգման, կանոնադրության վերանայման, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացման և նոր ընտրությունների անցկացման օրակարգի ամրագրումը «սահմանադրական կարգի, Եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաև խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում է»:

Սուրբ Էջմիածինը շեշտել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բազմադարյա առաքելությունը, նրա ավանդույթներն ու հոգևոր կյանքը չպետք է դառնան քաղաքական շահարկումների առարկա: Հայտարարության համաձայն՝ նման մոտեցումը հակասում է հայ ժողովրդի շահերին, խաթարում նրա հոգևոր անվտանգությունը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական ծրագրով առաջարկում է բարեփոխել Հայ Առաքելական Եկեղեցին՝ նախատեսելով ղեկավարության փոփոխություն, նոր կանոնադրության ընդունում և ֆինանսական թափանցիկություն։

Իշխող ուժը նաև նշել է, որ քայլեր կձեռնարկի եկեղեցին քաղաքականությունից հստակ տարանջատելու և պետության աշխարհիկ կարգավիճակն ամրապնդելու համար՝ միևնույն ժամանակ առաջարկելով հոգևորականներին ներառել պետական սոցիալական երաշխիքների համակարգում։

Վարչապետ Նիկել Փաշինյանը և տասը եպիսկոպոս հունվարի 5-ին հանդես էին եկել հայտարարությամբ, որում ներկայացրել էին եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզ և հայտնել Համակարգող խորհրդի ձևավորման մասին: Այս մարմնին վերապահել են բարենորոգման կազմակերպչական գործառույթները:

Էջմիածինը բազմիցս կոչ է արել «բարենորոգման խորհրդի» անդամ հոգևորականներին վերադառնալ կանոնական դաշտ և խնդիրները լուծել Հայ Առաքելական եկեղեցու ներսում:

Leave a Comment