Ֆրիտյոֆ Նանսեն. մեկդարյա անմնացորդ սեր և նվիրում հայերին. «Հայագիտակ»

Մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենը, 100 տարի առաջ, իր հանձնախմբով ժամանեց Երևան՝ նպատակ ունենալով ուսումնասիրել այն վայրերը, որտեղ հնարավոր կլիներ վերաբնակեցնել Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած գաղթականներին և հիմք դնել նրանց նոր կյանքին հայրենիքում։ Հավատարիմ մնալով նանսենագետ Ֆելիքս Բախչինյանի թողած ժառանգությանն ու հիշատակին՝ «Նանսենի ինստիտուտ-հիմնադրամի» գործադիր տնօրեն Հայարփի Խաչատրյանը և թանգարանի տնօրեն Ժորա Հակոբյանը կյանքի կոչեցին նրա նախանշած բոլոր միջոցառումներն ու ծրագրերը։

Այդ թվում՝ Կարմեն Ահարոնյանի հեղինակած «100 տարի Նանսենի ոտնահետքերով» գրքի հրատարակումը, որտեղ հեղինակը զուգահեռներ է անցկացնում 100 տարի առաջ Նանսենի այցելած վայրերի և այսօրվա Հայաստանի միջև։ Նանսենն իր հուշերում մեծ ջերմությամբ է խոսում հայերի մասին, նկարագրում է 100 տարի առաջվա երևանյան կյանքը, մարդկանց, Հայաստանի բնությունն ու աշխարհագրությունը։ Նա միշտ ձգտեց իր ուժերի ներածին չափով, և անգամ դրանից շատ, օգնել հայերին, և անգամ վերջին շնչում, ինչպես վկայում են նրա հարազատները, հիշել է հայերին։

Leave a Comment