Խորհրդարանում հյուրընկալվել են Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները

Բարձր ենք գնահատում դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Ավստրիայի աջակցությունը Հայաստանին: Այս մասին ասել է ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանն Ավստրիայի Հանրապետության խորհրդարանի Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարտինա ֆոն Քյունսբերգ-Սարրեի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Ապրիլի 8-ին կայացած հանդիպմանը մասնակցել են ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Նարեկ Բաբայանը, Լուսինե Բադալյանը եւ Անուշ Քլոյանը:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանը՝ Շիրակ Թորոսյանը հիշեցրել է, որ նախորդ տարի Հայաստանի խորհրդարանն ընդունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենք: «Ավստրիան՝ որպես ԵՄ անդամ եւ եվրոպական արժեքներ կրող երկիր, առանցքային գործընկեր է Հայաստանի համար, եւ մենք ակնկալում ենք եվրաինտեգրման գործընթացում ավստրիական կողմի աջակցությունը»,- ընդգծել է պատգամավորը: Նա խոսել է նաեւ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի կարեւորության մասին:

Ազգային ժողովի պատգամավորները ներկայացրել են Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում առաջընթացի մանրամասները: Անդրադառնալով ԹՐԻՓՓ ծրագրին՝ նշվել է, որ այն մեծ հնարավորություններ է բացում տարածաշրջանում կայունության ապահովման եւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար:

Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը կարեւորել է Հայաստանի հետ սերտ փոխգործակցությունը: Մարտինա ֆոն Քյունսբերգ-Սարրեն ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում հայկական կողմի քայլերը, ձեռքբերումները:

Կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները, կարեւորել են փորձի փոխանակումն ու առկա ներուժի օգտագործումը:

Leave a Comment