ՏԵՍԱՆՅՈւԹ․ Աջափնյակի դատարանում uպանության գործով նիստը թեժացել է․ կարգադրիչները կանխել են հնարավոր բախումը

Աջափնյակի դատարանում օրեր առաջ կրքերը թեժ են եղել։ Աղմկահարույց սպանության գործով դատական նիստի ժամանակ դատարանում ներկա անձինք աղմուկ են բարձրացրել, ինչի արդյունքում դատարանում սահմանվել է ուժեղացված ծառայություն, և կարգադրիչներին հաջողվել է կանխել հնարավոր բախումը։

Աղմուկ բարձրացրած անձանց դուրս են հանել դատարանից, և նիստը շարունակվել է։ Իսկ թե որ սպանության գործով նիստի ժամանակ է դատարանում թեժ վիճակ ստեղծվել․ 2023 թվականի օգոստոսի 10-ին «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ»-ի դիմաց գտնվող «Մերգելյան» պուրակի հարակից տարածքում վիճաբանություն էր տեղի ունեցել, որի հետևանքով մեկ անձ սպանվել էր։

Դավիթ Արմենի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին զրկելով կյանքից։ Բացի այդ, Դավիթ Արմենի Գրիգորյանը, Սարգիս Գեղամի Հակոբյանի հետ անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, վերջինիս հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն, 2023 թվականի օգոստոսի 10-ին՝ ժամը 23:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Հակոբ Հակոբյան փողոցում գտնվող «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ»-ի դիմաց գտնվող «Մերգելյան» պուրակի հարակից տարածքում հանդիպել է Սարգիս Գեղամի Հակոբյանի կանչով հիշյալ տարածք եկած Լեռնիկ Գարիկի Սարգսյանին և Արմեն Ֆրունզիկի Հակոբյանին։

Այնուհետև, Սարգիս Գեղամի Հակոբյանի հետ ունեցած անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, Լեռնիկ Գարիկի Սարգսյանի և Արմեն Ֆրունզիկի Հակոբյանի հետ մուտք է գործել հիշյալ պուրակի՝ մետաղյա ցանկապատով առանձնացված տարածք, վիճաբանել է վերջինների, ինչպես նաև քիչ անց այնտեղ եկած Արմեն Ֆրունզիկի Հակոբյանի ընկեր Դավիթ Սարգսի Գաբրիելյանի հետ։

Վիճաբանության ընթացքում Դավիթ Արմենի Գրիգորյանն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել Դավիթ Սարգսի Գաբրիելյանի կրծքավանդակին և նախաբազկին՝ պատճառելով առողջության թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, արտահայտված կրծքավանդակի ձախ կեսի և ձախ նախաբազկի շրջանի ծակած-կտրած վերքերի ձևով մարմնական վնասվածքներով։

Նկատենք, որ Չարենցավանի դատարանում աղմկահարույց սպանության գործով նիստի ժամանակ ևս բախում էր տեղի ունեցել, և միջադեպի գործով երեք անձ կալանավորվել էին։ Այս դեպքից հետո դատարաններում աղմկահարույց քրեական գործերով սահմանվել է ուժեղացված ծառայություն՝ նմանատիպ դեպքերը կանխելու նպատակով։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Leave a Comment