«Զրո կոռուպցիա» խոստումը և վարչապետի դժգոհությունը․ ինչպե՞ս կարելի է հաղթահարել լճացման ազդակները

Վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրներում կոռուպցիայի դեմ պայքարը պակաս արդյունավետ է դարձել։ Ոլորտում առաջնորդության անկման մասին փաստում են նաև նախորդ տարվա Կոռուպցիայի ընկալման համաթիվն ու համապատասխան հետազոտությունը։ Մտահոգիչ ցուցանիշներից զերծ չի մնացել նաև Հայաստանը։ Տարիներ առաջ կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականության մասին հայտարարած վարչապետն օրերս ձևակերպել է իր դժգոհությունը ու խոսել պատճառների մասին։

Հայաստանում Կոռուպցիայի ընկալման 2025-ի համաթիվն այդքան էլ հուսադրող չէ։ Կառավարության 2023-2026 թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության համաձայն՝ նախորդիվ գրանցված  առաջընթացը պետք է ապահովեր համաթվի ընկալման աճ՝ 55 միավորի ցուցանիշ։ Մինչդեռ 2025-ին Հայաստանը կարողացել է ապահովել 46 միավոր, որը նախորդ տարվա ցուցանշից պակաս է մեկ միավորով։ Համաշխարհային դասակարգման աղյուսակում մեր երկիրը 65-րդն է 182 երկրների շարքում։ Հայաստանի վարչապետն այս ցուցանշից մտահոգվելու և հետևություններ անելու անհրաժեշտություն է տեսնում։

«2018-ից, բոլոր միջազգային զեկույցների համաձայն, ունենք էական առաջընթաց, բայց վերջին շրջանում տեսնում ենք լճացման որոշակի ազդակներ։ Դրանք մեզ համար նրա մասին են, որ  բարեփոխումների ընթացքը պետք է շարունակենք։ Մենք պետք է ունենանք զրո կոռուպցիա, այս քաղաքականությունը մենք պետք է իրագործենք։ Ես այս պահին գոհ չեմ արձանագրված արդյունքներից։ Մենք երբեմն ամենատարբեր պատճառներով բավարար վճռականություն չենք ունենում բարեփոխումների ընթացքը շարունակելու, բայց  պետք է վճռական լինենք և հետևողական»։

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մեջ ներգրավված տարբեր կառույցներ կան։ Առաջնային օղակը թերևս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է։ Այն նաև կանխարգելիչ մարմին է, քանի որ ստուգում է հանրային պաշտոնյաների թեկնածուների բարեվարքությունը։

Գործընթացը ներդրվել է 2020-ից։ Այս ընթացքում հանձնաժողովը շուրջ 2․300 եզրակացություն է տրամադրել։ Ընդ որում՝ տարեկան կտրվածքով՝ եզրակացությունների թիվն աճել է՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է Կոռուպցիայի կանխարգելման կենտրոնի բարեվարքության ուսումնասիրության վարչության պետ Աղավնի Պետրոսյանը։

«Մեր կողմից տրամադրվող բացասական եզրակացությունների արդյունքում իրավասու մարմինները համապատասխան մասնագիտական գիտելիքների ստուգման փուլի արդյունքում կարողանում են  համադրությամբ ձևավորել կարծիք նշված անձի վերաբերյալ և ինքնուրույն որոշում կայացնել այդ անձին պաշտոնում նշանակելու կամ ընդգրկելու համապատասխան ցուցակներում։ Մեր եզրակացությունները խորհրդատվական բնույթի են, հրապարակման ենթակա չեն։ 2026 թ.–ին տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների արդյունքում մեր կողմից տրամադրված եզրակացությունների եզրափակիչ հատվածները այսուհետև պետք է դառնան հրապարակային։ Հրապարակվելու են այն ժամանակ, երբ եզրակացության արդյունքում համապատասխան պաշտոններում նշանակումներ կլինեն»։

Սա նշանակում է, որ հանրությունն ինքնուրույն կկարողանա գնահատել՝ արդյո՞ք նշանակող մարմինը ճիշտ որոշում է կայացրել՝ տվյալ անձին տվյալ պաշտոնին նշանակելով։ Սա կարևոր է, քանի որ դեռ լինում են դեպքեր, երբ որևէ պաշտոնի նշանակվում է այն անձը, որի բարեվարքությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական է գնահատել, ասում է մեր զրուցակիցը։

«Մարմիններ կան, որոնք բացասական եզրակացությունով կտրականապես նշանակումներ չեն կատարել։ Օրինակ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն միանշանակ բացասական եզրակացությունների հիման վրա նշանակումներ չի կատարել, բայց մարմիններ եղել են, որոնք նշանակումներ են իրականացրել։ Ըստ այդմ՝ նաև մեր հանրությանը հաշվետու լինելու տեսանկյունից պահանջ ձևավորվեց հրապարակելու եզրակացությունների եզրափակիչ մասը, որպեսզի հնարավոր լինի ինքնուրույն դատողություն կատարել՝ արդյոք նշանակող մարմինները ճիշտ որոշում են կայացրել, թե ոչ»։  

2025-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթների շրջանակում դատարան է ուղարկվել 298 հանրային ծառայողի վերաբերյալ գործ, որոնցից 222-ը եղել են գործող պաշտոնյաներ:

2025-ին դատարան ուղարկված գործերի մեջ ներգրավված են եղել անձինք, որոնք մեղադրվում են ապօրինի հարստացման և հայտարարագրերում տվյալներ թաքցնելու համար։ Օրինակ՝ «Սևան» ՔԿՀ պետի տեղակալի և մի շարք նախկին համայնքապետերի գործերը կապված են եղել հենց գույքային անհամապատասխանությունների հետ, որոնք սովորաբար առաջինը արձանագրվում են ԿԿՀ բարեվարքության ստուգումների ժամանակ։

Հետևաբար, հանձնաժողովի բացասական եզրակացությունը թեև խորհրդատվական է, բայց հաճախ դառնում է «ահազանգ» իրավապահ մարմինների համար՝ խորացված քննություն սկսելու։

«Ի տարբերություն բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությանը՝ ընթացիկ ուսումնասիրությունը կրում է նաև հետևանքներ։ Այն դեպքում, երբ հանձնաժողովի կողմից տրամադրվում է բացասական եզրակացություն և խոսքը վերաբերում է բացառությամբ դատավորների, տվյալ պարագայում դատախազների, Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների, օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնող օպերների վերաբերյալ տրամադրված բացասական եզրակացության հիման վրա տվյալ մարմինը նշանակող մարմինը պետք է իրականացնի ծառայողական քննություն, իսկ դատավորների վերաբերյալ, երբ տրամադրվում է բացասական բնույթի եզրակացություն և հիմքում դրված է բացառապես գույքային դրությունը, տվյալ պարագայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախաձեռնում է կարգապահական վարույթ և նյութերը ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդին»։

Ընթացիկ ուսումնասիրության պահանջը ներդրվել է 2024–ից։ 2025–ին մի քանի բացասական եզրակացություն է տրվել գործող պաշտոնյաների վերաբերյալ։

Որևէ պաշտոնի հավակնող անձի համար բարեվարքության փուլի հաղթահարումը նշանակում է հարցաթերթիկի լրացում․ թեկնածուները ներկայացնում են կենսագրական տվյալներ կրթության, աշխատանքային փորձի վերաբերյալ, ինչպես նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձանց հնարավոր փոխկապակցվածության մասին տեղեկություններ։ Այդ իմաստով հանձնաժողովը տեղեկանում է նաև երբևէ քրեական, կարգապահական կամ վարչական պատասխանատվության ենթարկված լինելու, քրեական ենթամշակույթի հետ առնչություն ունենալու, ինչպես նաև գույքային դրության վերաբերյալ տվյալների մասին։  

Ի դեպ, օրերս հայտնի դարձավ, որ 2026 թ․ մարտի վերջին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը չի ստորագրել Վազգեն Սահակյանին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու հրամանագիրը: Նա դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով Բարձրագույն դատական խորհրդի ներկայացրած առաջարկի սահմանադրականությունը: Ըստ մամուլի հրապարակումների՝ թեկնածուի բարեվարքությունը միանգամայն դրական գնահատական չի ստացել, իսկ ԲԴԽ-ն նրա թեկնածությունը ներկայացրել է առանց բավարար հիմնավորման:

Leave a Comment