8 ապրիլի 2026 – 13:10 AMT
PanARMENIAN.Net – Իտալական «Ինտերի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, անդրադառնալով հանրահայտ մարզիչ Միրչա Լուչեսկուի մահվանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ֆուտբոլը կորցրեց իսկական ջենթլմենի:
Նա գրել է նաև, որ իր սիրտը լալիս է՝ Լուչեսկուն եղել է նրա առաջին մարզիչներից մեկը:
«Դուք իմ առաջին մարզիչներից մեկն էիք՝ նա, ով ինձ հնարավորություն տվեց աճել և սկսել միջազգային կարիերա։ Ես միշտ շնորհակալ կլինեմ Ձեզ, որ ինձ հնարավորություն տվեցիք ապրել այն, ինչի մասին երազել եմ մանկուց։
Շնորհակալություն ձեր խորհուրդների, վստահության և իմ՝ որպես ֆուտբոլիստի և անհատի ձևավորմանը նպաստելու համար:
Ֆուտբոլը կորցրեց իսկական ջենթլմենի և խաղի իրական տեսլականի։
Հանգչիր խաղաղությամբ, պարոն։ Դուք միշտ հատուկ տեղ կզբաղեցնեք իմ սրտում։ Իմ սիրտը լալիս է…»։
80 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար մարզիչ Միրչա Լուչեսկուն։ Լուչեսկուն կարիերայի ամենաերկար ժամանակահատվածն անցկացրել է Դոնեցկի «Շախտյորում»: Մխիթարյանը «Շախտյորում» 2010-13 թվականներին հանդես է եկել հենց Լուչեսկուի գլխավորությամբ՝ 106 խաղում խփելով 44 գոլ և կատարելով 23 գոլային փոխանցում: