Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում երեկ ներկա էի նոր բեմադրության՝ «Սիրո վեց կանգառ» ներկայացման փակ դիտմանը։
Ներկայացման ռեժիսորն է արտերկրում ապրող և ստեղծագործող մեր հայրենակից Գուրգեն Ծատուրյանը, ով այս աշխատանքով վերադարձել է երևանյան բեմ՝ ներկայացնելով սիրո թեմայի շուրջ կառուցված իր բեմադրական պատկերացումները։
Ի դեպ, նա աշխատել է որպես դերասան Մետրո թատրոնում (Երևան, Հայաստան), Լա Մոնեի թագավորական օպերային թատրոնում (Բրյուսել, Բելգիա), Ազգերի թատրոնում (Մոսկվա, Ռուսաստան), Տալիա թատրոնում (Համբուրգ, Գերմանիա): Դերերով հանդես է եկել Ռոբեր Լեպաժի, Ռոբերտ Ուիլսոնի, Կիրիլլ Սերեբրեննիկովի, Մակսիմ Դիդենկոյի, Օլեգ Գլուշկովի ներկայացումներում: Մասնակցել է ռեժիսոր Ռիչարդ Ջոնսի բեմադրություններին՝ «Մակբեթ», «Պիկովայա դամա», «Կրակե հրեշտակ», «Եվգենի Օնեգին», Լա Մոնեի թատրոնի բեմում և Գլայնդբորնի օպերային փառատոնում՝ որպես արտիստ և ռեժիսորի ասիստենտ։ Կատարել է տարբեր դերերգեր մյուզիքլներում և օպերային ներկայացումներում՝ Լոնդոնում (Royal Albert Hall), Ամստերդամում (Concertgebouw), Դրեզդենում (Semperoper), Փարիզում (Théâtre du Châtelet), Բադեն-Բադենում (Festspielhaus)։ Ազգերի թատրոնում (Театр Наций) եղել է Եվգենի Միրոնովի ասիստենտը «Համլետ | Կոլաժ» ներկայացման բեմադրության ընթացքում (ռեժիսոր Ռոբեր Լեպաժ)։ Եղել է նաև ռեժիսոր Ռոբերտ Ուիլսոնի ասիստենտը դերասանների հետ աշխատանքի գծով «Պուշկինի հեքիաթներ» ներկայացման ընթացքում։ Գոգոլ- կենտրոնում (Гоголь-центр) բեմադրել է մի շարք երաժշտական համարներ տարբեր ներկայացումների համար:

Ներկայացման դերակատարներն են՝ Լիդիա Գրիգորյանը, Լուսին Վարդանյանը, Լիդա Լևոնյանը, Արմենուհի Հակոբյանը, Դիանա Մալենկոն և Էմմա Մկրտչյանը։ Շնորհակալ ենք «Սիրո վեց կանգառ» ներկայացման ստեղծագործական թիմին։ Ձեր էներգիան, զգացմունքներն ու աշխատանքը դարձրել են այս նախագիծը իսկապես յուրահատուկ։
Լիդիան ասում է․ «Այս ներկայացումը նվիրում ենք բոլոր այն կանանց, ովքեր սեր են փնտրում»։ Եվ այդ խոսքերը, թերևս, լավագույն կերպով ամփոփում են բեմում պատմված վեց պատմությունների ընդհանուր տրամադրությունը՝ որոնում, հույս և երբեմն նաև մի փոքր դառնությամբ լուսավորված սեր։
Լուսինեն ասում է․ «Խոստովանեմ ձեզ՝ նույնիսկ սպասում էի այս ներկայացման փորձերին, ինչպես հրաշքի»։ Եվ այս խոստովանության մեջ, կարծես, արտահայտվում է ոչ միայն դերասանուհու անձնական զգացողությունը, այլ նաև այն ստեղծագործական մթնոլորտը, որի մեջ ծնվել է այս բեմադրությունը։
Դիանան ասում է․ «Գուցե մենք երբեմն ամաչում ենք երջանիկ լինել՝ տեսնելով, որ շուրջբոլորը մարդիկ երջանիկ չեն»։ Այս միտքը հնչում է գրեթե որպես հարց՝ ուղղված մեզանից յուրաքանչյուրին, և հիշեցնում, թե որքան նուրբ ու բարդ կարող է լինել մարդկային երջանկության զգացողությունը։
Արմենուհին ասում է․ «Ուզում եմ ձևացնել, թե ես ծնվել եմ գեղեցկության ու հաճույքների համար»։ Այս խոստովանության մեջ կա և՛ թեթև խաղ, և՛ մի փոքր ինքնահեգնանք, որը բնորոշ է ներկայացման կանացի պատմություններին։
Էմման խոստովանում է․ «Ես չեմ բողոքում, եթե անկեղծ ասեմ․ վաղուց ինձ նման շքեղություն թույլ չեմ տալիս»։ Այս խոսքերը հնչում են թեթև հեգնանքով, բայց դրանց մեջ կա նաև այն մեղմ տխրությունը, որը հաճախ ուղեկցում է սիրո մասին ամենաանկեղծ խոստովանություններին։
Լիդան ասում է․ «Ամուր կանգնիր երկու ոտքի վրա, այդ ժամանակ վախդ կդառնա կենսագրություն»։ Այս միտքը հնչում է գրեթե որպես ներքին կարգախոս՝ հիշեցնելով, որ երբ մարդը հաղթահարում է իր վախերը, դրանք այլևս միայն վախ չեն, այլ դառնում են կյանքի պատմության մի մասը։
Ընդհանուր առմամբ ներկայացումն անդրադառնում է մի հին, բայց միշտ արդիական հարցի՝ ինչ է ուզում կինը։ Հարց, որը հնչում է և՛ փիլիսոփայական, և՛ միանգամայն կոնկրետ մարդկային մակարդակում։ Բեմում հայտնված վեց կանայք փորձում են պատասխանել այդ հարցին յուրաքանչյուրը իր պատմությամբ, իր երգով, իր հիշողությամբ։ Եվ գուցե հենց այդ տարբեր պատմությունների մեջ է թաքնված պատասխանը․ կինը ցանկանում է սեր, ազատություն, ուշադրություն և պարզապես՝ իր պատմությունը պատմելու հնարավորություն։
Վագոնում հավաքված վեց կանայք ասես վեց տարբեր աշխարհներ լինեն։ Նրանց լեզուները, հիշողությունները, երգերը տարբեր են, բայց պատմությունները՝ շատ նման։ Սիրո մասին խոսելիս բոլոր լեզուները հանկարծ սկսում են հասկանալ միմյանց։
Այստեղ պատմությունները միայն չեն պատմվում․ դրանք նաև երգվում են։ Երգը դառնում է հիշողության լեզու՝ երբ բառերը երբեմն այլևս բավարար չեն։ Այս ձևաչափը՝ թատրոնի, երաժշտության ու կաբարեի խառնուրդը, հետաքրքիր փորձ է հայկական բեմում, որտեղ ներկայացումը շարժվում է ոչ միայն սյուժեով, այլ նաև տրամադրությամբ։
«Սիրո վեց կանգառ»-ը սիրո թեմայի շուրջ կառուցված ներկայացում է, որտեղ տարբեր կերպարների ճակատագրերի, հանդիպումների ու ապրումների միջոցով բացվում են մարդկային հարաբերությունների տարբեր երանգներ։ Փակ դիտումը, բնականաբար, դեռ առաջին շփումն էր այս աշխատանքին, բայց արդեն կարելի է զգալ բեմադրության ընդհանուր տրամադրությունն ու ռեժիսորական մտահղացումը։
Ներկայացման դաշնակահարն է Գայանե Արզումանյանը։ Նախագծի հեղինակն է թատրոնի ղեկավար Գրիգոր Խաչատրյանը, իսկ երաժշտական պրոդյուսերը՝ Հայկ Գասպարյանցը։
Ներկայացման գործողությունները, իբրև տեղի են ունենում Լոնդոնի մետրոյում․ թունելում կանգ է առել գնացքը, իսկ վագոնում հայտնվել են իրար բոլորովին անծանոթ, տարբեր ազգությունների վեց կանայք։ Այդ անսպասելի կանգառը դառնում է յուրատեսակ «խոստովանությունների տարածք»․ կանայք հերթով պատմում են իրենց սիրո պատմությունները, երգում դրանց մասին և երբեմն իրենց կերպարները նմանեցնում աշխարհի լեգենդար կանանց՝ Էդիթ Պիաֆին, Էլիզաբեթ Թեյլորին, Սոֆի Լորենին, Տաթևիկ Հովհաննիսյանին և ուրիշներին։
Այսպես մետրոյի անսպասելի կանգառը վերածվում է սիրո վեց պատմությունների, վեց հիշողությունների և վեց կանացի խոստովանությունների յուրահատուկ բեմական «կանգառների»։

Թատրոնի ներկայացումը, սակայն, ավելի շատ հիշեցնում էր կրքոտ կաբարե։ Բեմական գործողության մեջ զգալի տեղ էին զբաղեցնում երգերը՝ բազմալեզու կատարումներով․ հնչում էին հայերեն, անգլերեն, իտալերեն, ռուսերեն երգեր, որոնք հերթով փոխանցում էին ներկայացման հերոսուհիների պատմություններն ու տրամադրությունները։
Կաբարեն, կարելի է ասել, թատրոնին սովորեցրեց չլինել միայն թատրոն։ Եթե պատկերավոր ձևակերպենք՝ դասական թատրոնը կանգնած էր բեմի վրա՝ լույսի մեջ, հանդիսավոր ու հեռավոր։ Կաբարեն եկավ, մի քիչ մարեց այդ լույսը, մի քիչ էլ կարմիր դարձրեց ու ասես շշնջաց․ «Հիմա խոսենք անկեղծ»։
Էսթետիկ առումով այս ներկայացումը նույնպես շարժվում է կաբարեի տրամաբանությամբ։ Մի փոքր փայլ, մի փոքր կիրք, կամ՝ ավելի շատ կիրք։ Կաբարեի բնույթն ինքնին հակադրությունների համադրություն է՝ գլամուր և քայքայում, գեղեցիկ և կրքոտ, երգ և ներքին դառնություն։
Այս երկակիությունը, որ ժամանակին ձևավորվեց կաբարեի մշակույթում, հետագայում տեղափոխվեց նաև թատրոն՝ հատկապես XX դարի ավանգարդի և հետմոդեռնիստական բեմադրությունների մեջ, որտեղ բեմը հաճախ դառնում է ոչ միայն պատմություն պատմելու, այլև տարբեր ոճերի ու տրամադրությունների բախման տարածք։
«Սիրո վեց կանգառ»-ը դեռ նոր է հանդիպում լայն հանդիսատեսին, իսկ փակ դիտումը դարձավ առաջին հնարավորություներից մեկը՝ զգալու բեմադրության մթնոլորտը և սիրո թեմայի շուրջ կառուցված այս պատմությունների բազմաձայնությունը։
Մետրոն քաղաքային կյանքի ամենահետաքրքիր տարածքներից է․ այնտեղ մարդիկ հանդիպում են պատահաբար, նստում են կողք կողքի, բայց հաճախ մնում են օտար։ Իսկ երբ գնացքը կանգ է առնում թունելում, ժամանակը կարծես կարճ պահով դադարում է։ Հենց այդ դադարի մեջ էլ սկսվում են պատմությունները։
«Սիրո վեց կանգառ»-ը դեռ սպասում է հանդիսատեսի լայն հանդիպմանը, բայց արդեն կարելի է ասել, որ այն մի փորձ է՝ բեմի վրա գտնելու սիրո տարբեր կանգառները, տարբեր տրամադրություններն ու մարդկային պատմությունները։
Եվ այդպես «Սիրո վեց կանգառ»-ը վերածվում է ոչ միայն ներկայացման, այլ մի յուրօրինակ ճանապարհի։ Վեց կանայք, վեց պատմություն, վեց հիշողություն սիրո մասին։
Մետրոյի կանգ առած վագոնը դառնում է ժամանակից դուրս մի տարածք, որտեղ անծանոթ մարդիկ հանկարծ սկսում են պատմել ամենամարդկայինը՝ իրենց սիրո մասին։ Իսկ սիրո պատմությունները, ինչպես միշտ, տարբեր լեզուներով են հնչում, տարբեր մեղեդիներով, բայց ի վերջո խոսում են նույն բանի մասին։
Եվ գուցե հենց դա է այս բեմադրության հիմնական միտքը․ կյանքում, ինչպես մետրոյում, մենք բոլորս անցնում ենք մեր սեփական կանգառներով, բայց երբեմն այդ կանգառներում հնչում է մի պատմություն, որը շատ նման է մերին։
Սիմոն Սարգսյան
