Քանյե Ուեսթին արգելել են մուտք գործել Մեծ Բրիտանիա, Wireless փառատոնը չեղարկվել է

Մեծ Բրիտանիայի իշխանությունները արգելել են ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի մուտքը երկիր, ինչի հետևանքով չեղարկվել է Լոնդոնում նախատեսված Wireless ամառային երաժշտական փառատոնը։ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը BBC-ին հայտնել է, որ արտիստը դիմել էր երկիր մուտք գործելու համար՝ էլեկտրոնային ճանապարհորդության թույլտվության (ETA) համակարգի միջոցով, սակայն դիմումը մերժվել է՝ պատճառաբանելով, որ նրա ներկայությունը չի նպաստի հանրային բարօրությանը։

Վերջին տարիներին Ուեսթը բազմիցս հայտնվել է քննադատության կենտրոնում՝ հակասեմական, ռասիստական և նացիստական բնույթի հայտարարությունների պատճառով։

Ավելի վաղ արտիստը, որն այժմ հանդես է գալիս «Ye» անունով, հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Մեծ Բրիտանիայի հրեական համայնքի ներկայացուցիչների հետ՝ Wireless փառատոնի շուրջ առաջացած վեճից հետո։ Նա նշել էր, որ ցանկանում է «լսել» և իր գործողություններով ցույց տալ փոփոխություն։

Ի պատասխան՝ Հրեա պատգամավորների բրիտանական խորհուրդը հայտնել է, որ պատրաստ է հանդիպել նրա հետ միայն այն դեպքում, եթե նա հրաժարվի փառատոնում ելույթ ունենալուց։

Խորհրդի ղեկավար Ֆիլ Ռոզենբերգn ընդգծել է, որ համայնքը ցանկանում է տեսնել իրական զղջում և փոփոխություն։ Wireless փառատոնը նախատեսված էր անցկացնել հուլիսի 10-12-ը Լոնդոնի Ֆինսբերի այգում՝ Festival Republic-ի կազմակերպմամբ։ Սակայն Ուեսթի մուտքի արգելքից հետո կազմակերպիչները հայտարարել են, որ այս տարվա փառատոնը չի կայանա, իսկ գնված տոմսերի գումարը կվերադարձվի։

Leave a Comment