Խորհրդարանում քննարկվում է Կառավարության ներկայացրած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը։
Հիմնական զեկուցող, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց. «Նախագծով առաջարկում ենք մի շարք լրացումներ կատարել օրենքում։ Դրանց հիմնական նպատակն այն է, որ հետայսու հեռարձակողները պարտադիր կերպով մակնշեն այն բովանդակությունը, որը գեներացվել է արհեստական բանականությամբ կամ այլ թվային տեխնոլոգիաներով։ Այդ բովանդակության վրա հստակ տեսանելի կլինի, որ այն ստեղծվել է արհեստական բանականության գործիքակազմով»։
ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հարց ուղղեց. «Եթե լեյբլինգը չի իրականացվում, ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված»։
Նախարարը պատասխանեց. «Այս փուլում խոսքը չի վերաբերում համացանցային տիրույթին, և ավելի լայն կարգավորումներ առաջիկա ամիսներին կներկայացնենք Ազգային ժողով։ Վերահսկողությունն իրականացնելու է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, իսկ խախտումների դեպքում հեռարձակողը կենթարկվի վարչական տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով»։
Նա նաև հավելեց. «Այս պահին չկա որևէ երկիր, որը գտել է ռիսկերը ամբողջությամբ չեզոքացնելու լուծում։ Մենք փորձում ենք նման քայլերով նվազեցնել հնարավոր ռիսկերը և ներդնել վերահսկողական մեխանիզմներ»։