ԱՄՆ-ն սպասում է, որ Իրանը կարձագանքի իր առաջարկներին. Վենս

Միացյալ Նահանգները ակնկալում է, որ Իրանը մինչև այսօր երեկոյան կպատասխանի իր առաջարկներին՝ դրական կամ բացասական, ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ հավելելով, որ «գնդակն այժմ Իրանի դաշտում է»։

«Ըստ էության, գնդակն այժմ Իրանի դաշտում է: Մենք վստահ ենք, որ կարող ենք պատասխան ստանալ՝ դրական կամ բացասական: Մենք այսօր երեկոյան մինչև ժամը 20:00-ն սպասում ենք իրանցիներից պատասխանի: Հուսով եմ՝ նրանք կտան ճիշտ պատասխանը», – ասել է Վենսը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում:

Փոխնախագահի խոսքով՝ Միացյալ Նահանգները միայն ցանկանում է մի աշխարհ, որտեղ «նավթն ու գազը ազատորեն կհոսեն»։

«Եվ դա տեղի չի ունենա, եթե իրանցիները զբաղվեն տնտեսական ահաբեկչությամբ, ուստի նրանք պետք է իմանան, որ մենք մեր զինանոցում ունենք գործիքներ, որոնք դեռ չենք որոշել օգտագործել: Միացյալ Նահանգների նախագահը կարող է որոշել օգտագործել դրանք», – հավելել է Վենսը:

Leave a Comment