«Հայաստանում տեսալսողական մեդիան ազատ է: Այն ազատ է պետություն, իշխանություն, մեդիաներ հարաբերություններում: Մենք, բնականաբար, ոչինչ չենք կարող ասել սեփականատեր, գովազդատու, հիմնադիր եւ մեդիա հարաբերությունների մասին, որտեղ վիճակը շատ տխուր է, սակայն այդ հարաբերություններին միջամտելու որեւէ լիազորություն՝ սահմանված օրենսդրությամբ, մենք չունենք»,-այս մասին ասել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 7-ի նիստում քննարկման ներկայացնելով Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2025 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը:
Հիմնական զեկուցողը հավելել է, որ հանձնաժողովը հաշվետու տարում գործել է թափանցիկ, հաշվետու եւ անաչառ: Նրա խոսքով էական բողոքներ չեն եղել ո՛չ մամուլում, ո՛չ հանրային դաշտում:
Տարեկան հաղորդման մեջ ներառված են հանձնաժողովի եւ նրա կարգավորման ներքո գործող տեսալսողական մեդիայի գործունեության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ, մշտադիտարկման արդյունքներ, հեղինակազորման, լիցենզավորման, վարչական վարույթների, դատական գործընթացների մասին տվյալներ, ուսումնասիրություններ, եզրակացություններ: Հանձնաժողովն անդրադարձել է վերջին տարիներին մեդիաոլորտը կարգավորող օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու հետեւանքներին, որոնք երբեմն բացասական են անդրադառնում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների բնականոն գործունեության, զարգացման ու անկախության վրա:
Ներկայացված են նաեւ այն խնդիրները, որոնք լուծում չստանալով՝ վտանգում են Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգությունը, անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծում տարբեր հարթակներում գործող տեսալսողական մեդիայի համար, նվազեցնում կարգավորող մարմնի գործունեության արդյունավետությունն ու հանրային նշանակությունը:
Հաղորդման ամբողջական տեքստը՝ այստեղ:
Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել հաղորդումը: