Հայաստանի և Թուրքիայի միջև երկու սահմանային անցակետերը (Ալիջան – Ակյակա) կարող են գործարկվել մի քանի ամսվա ընթացքում. հայկական կողմն արդեն ավարտել է անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները, իսկ թուրքական կողմը եզրափակիչ փուլում է։ Այս մասին գրում է Deutsche Welle-ն՝ նշելով, որ տասնամյակների թշնամանքից հետո երկու երկրները շատ մոտ են 1993 թվականից փակված սահմանի բացմանը։
Հոդվածի հեղինակը գրում է, որ սահմանի բացումը քաղաքական խոշոր հաղթանակ կլինի Փաշինյանի համար, որը հետևողականորեն ձգտում է Անկարայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Եթե անցակետերը գործարկվեն մինչև հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները, ապա դա ծանրակշիռ փաստարկ կդառնա հօգուտ նրա։ Տարիներ շարունակ Փաշինյանը ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ մերձեցման և դեպի Արևմուտք ինտեգրման ուղղությամբ։
Այժմ երկու երկրների միջև առևտուրն իրականացվում է շրջանցիկ ճանապարհով՝ Վրաստանի տարածքով, և տարեկան կազմում է մոտ 300–350 մլն դոլար։ Թուրք-հայկական գործարար խորհրդի նախագահ Կաան Սոյակը համոզված է, որ ուղիղ հաղորդակցությունը թույլ կտա ապրանքաշրջանառությունը հասցնել մինչև մեկ միլիարդ դոլարի։
Այդուհանդերձ, Իրանի դեմ պատերազմը դանդաղեցրել է գործընթացը. միգրացիոն նոր ալիքի վերաբերյալ մտավախությունները արգելակել են սահմանի բացման շուրջ բանակցությունները։