Ովքե՞ր ունեն ընտրելու իրավունք և ինչպե՞ս մասնակցել ընտրություններին. պարզաբանումներ Նելլի Դավթյանից

Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար Նելլի Դավթյանը պարզաբանում է տվել քաղաքացիներին հետաքրքրող հարցերին՝ կապված ընտրական իրավունքի իրացման հետ։

Նրա խոսքով՝ Ազգային ժողովի ընտրություններին ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձինք։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կարող է քվեարկել այն քաղաքացին, ով որևէ համայնքում հաշվառում չունի, Դավթյանը նշեց, որ նման քաղաքացիները կարող են բախվել ընտրողների ցուցակում չընդգրկվելու խնդրին։ Այդ դեպքում անհրաժեշտ է նախապես հաշվառվել։ Նա ընդգծեց, որ հաճախ լինում են դեպքեր, երբ քաղաքացիները տեղյակ չեն, որ իրենց հանել են հաշվառումից։

«Նույնիսկ եթե սեփականատերը դեմ է, մենք ունենք մեխանիզմներ քաղաքացուն հաշվառելու համար։ Բացի այդ, մինչև քվեարկության օրվան նախորդող 12-րդ օրը՝ ժամը 14:00-ն, քաղաքացին կարող է դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ընտրողների ցուցակում ընդգրկվելու համար»,– նշեց նա։

Ինչ վերաբերում է անձը հաստատող փաստաթղթին, ապա Դավթյանի խոսքով՝ նույնիսկ եթե այն ժամկետանց է, քաղաքացին կարող է իրացնել ընտրելու իրավունքը։ Սակայն եթե անձնագրի վավերականության ժամկետը լրացել է ավելի քան վեց ամիս առաջ, խորհուրդ է տրվում այն նախապես փոխարինել։

«Եթե քաղաքացին չի հասցրել փոխել անձնագիրը, ապա քվեարկության օրը կարող է դիմել անձնագրային ծառայություն, ներկայացնել համապատասխան դիմում և ստանալ անձը հաստատող փաստաթուղթը փոխարինող փաստաթուղթ, որով էլ կմասնակցի ընտրությանը»,– նշեց նա։

Դավթյանը նաև անդրադարձավ այն հարցին, թե արդյոք ընտրողների ցուցակում ընդգրկվում են այն քաղաքացիները, ում 18 տարին լրանում է ընտրությունների օրը։ Նրա խոսքով՝ նման քաղաքացիները ևս ընդգրկվում են ցուցակում, քանի որ համապատասխան հաշվարկներն իրականացվում են նախապես։

Leave a Comment