Նոր պահանջներ կրթական ղեկավարների համար․ փոխվում է հավաստագրման համակարգը

Թամարա Սարգսյանի տեղեկացմամբ՝ օրենսդրական փոփոխությունների մեկ այլ բաղադրիչ վերաբերում է կրթական հաստատությունների ղեկավարների հավաստագրմանը։ Նրա խոսքով՝ սա բխում է «Կրթության մասին» օրենքում կատարված փոփոխություններից և վերաբերում է կրթական հաստատությունների ղեկավարներին ներկայացվող աշխատանքային պահանջներին։ Մասնավորապես՝ սահմանվել է, որ պահանջվում է կա՛մ առնվազն հինգ տարվա մանկավարժական աշխատանքային փորձ վերջին տասը տարվա ընթացքում, կա՛մ երեք տարվա կառավարման փորձ կրթության ոլորտում։ Այսպիսով, մանկապարտեզների, դպրոցների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարներին ներկայացվող պահանջները որոշակիորեն հավասարեցվել են։ Այս մասին  Արմենպրեսի մամուլի սրահում շհրավիրված ասուլիսի ընթացքում ներկայացրել է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։

Միևնույն ժամանակ, տարբեր հաստատություններ ղեկավարելու ցանկություն ունեցող հավակնորդները չեն կարող նույն հարցաշարով քննություն հանձնել։ Փոխվելու է քննության ձևաչափը․ եթե նախկինում գոյություն ուներ հրապարակված հարցաշար, որի հիման վրա հավակնորդները պատրաստվում էին, ապա այժմ սահմանվելու է օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի շրջանակ։ Հավակնորդները պետք է ուսումնասիրեն համապատասխան ոլորտին վերաբերող փաստաթղթերը և քննության ընթացքում պատասխանեն դրանց հիման վրա կազմված հարցաշարին։

Օրինակ՝ եթե նախկինում դպրոցի տնօրենը քննություն էր հանձնում միայն հանրակրթության ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերից, ապա այժմ, եթե տվյալ դպրոցում գործում է նաև նախակրթարան, քննությունը ներառելու է նաև նախադպրոցական ոլորտին վերաբերող հարցեր։ Եթե հաստատությունը կրթահամալիր է, ապա թեկնածուն պետք է պատրաստ լինի պատասխանել տվյալ համալիրում առկա բոլոր կրթական մակարդակներին՝ հանրակրթությանը, նախադպրոցական և միջին մասնագիտական կրթությանը վերաբերող հարցերին։

Այսպիսով, նախատեսվում են քննությունների մի քանի ձևաչափեր՝ առանձին հարցաշարեր՝ նախադպրոցականի, հանրակրթականի և միջին մասնագիտականի համար, ինչպես նաև համակցված ձևաչափեր՝ կախված հաստատության տեսակից։

Leave a Comment