Սերժ Սարգսյանը պաշտպանել է Օնիկ Գասպարյանի՝ պատերազմը կանգնեցնելու առաջարկը, և մեղադրել Փաշինյանին՝ բանակցային պայմանավորվածությունը խախտելու մեջ

ՀՀԿ 18-րդ համագումարում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում չի շրջանցել 2016 թվականի Ապրիլյան մարտական գործողությունների, և, առհասարակ պատերազմի թեման:

Նա նախ Արցախը ճանաչել-չճանաչելու ֆոնին հիշել է 2016 թվականի ապրիլի 4-ին ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ իր հանդիպումը:

«Հայաստանի Հանրապետությունը` որպես 1994 թվականի Զինադադարի համաձայնագրի կողմ, շարունակելու է լիարժեքորեն կատարել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման իր պարտականությունները: Ավելին, ես հրահանգել եմ արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Եվ այստեղ պետք է նշեմ՝ մեկ անգամ չէ, որ ես հայտարարել եմ, որ եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,-  ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպաներին զգուշացրել էր Սերժ Սարգսյանը:

Թե ինչո՞ւ դե յուրե Արցախ-Հայաստան ռազմավարական դաշինքի պլանը չիրագործվեց, առանձին քննարկման թեմա է: Ընդ որում, նման քննարկումներ եղան նաև 2018 թվականի իշխանափոխությունից հետո, երբ գրեթե նույն ժամանակում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»:

Իսկ Սերժ Սարգսյանը համագումարի ժամանակ պարզաբանել է՝ ինչո՞ւ դե յուրե չեն ճանաչել Արցախի անկախությունը:

«2008 թվականին, Ադրբեջանն օգտվելով ներհայաստանյան քաղաքական խժդժություններից, ձեռնարկեց դիվանագիտական հարձակում և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում անցկացրեց Մադրիդյան սկզբունքներին հակասող բանաձև: Այդ բանաձևին դեմ քվեարկեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ բոլոր երկրները: Այն չստացավ նաև Եվրոպական միության անդամ երկրների աջակցությունը: Եվ այդ ժամանակ մենք Մինսկի խմբի համանախագահող երկրներին փոխանցել էինք, որ Հայաստանը երկու դեպքում կճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը. առաջին՝ եթե լինի երկարատև լայնածավալ պատերազմ, երկրորդ՝ եթե Մինսկի խմբի համանախագահները չսաստեն ադրբեջանական դիվանագիտական ոտնձգություններն Արցախի հարցի լուծումը տեղափոխելու այլ, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հարթակ։ Երբ Հայաստանի կառավարիչներն են շահարկում, այս հարցին արձագանքս պարզ է՝ Արցախի ճանաչումն այս երկու առիթներից դուրս ինքնին կբերեր միջազգային հանրությունից Հայաստանի մեկուսացմանն ու լայնածավալ պատերազմի: Նախկինների օրոք լայնածավալ պատերազմ չի եղել, չի եղել մեր մարտունակ բանակի և մեր դիվանագիտական արդյունավետ աշխատանքի շնորհիվ, հետևաբար, բանակցային գործընթացը հարվածի տակ չի դրվել:

Սրանց օրոք 2020 թվականի պատերազմն արդեն լայնամասշտաբ էր, աղետալի հետևանքներ ուներ, և չկանգնեցվեց մի վախկոտ պոպուլիստի պատճառով ու ձգվեց 44 օր, որ իրեն դավաճան չասեն:

Հարց եմ տալիս, եթե այս բոլոր գործոնները կային՝ լայնածավալ և երկարատև պատերազմ, որը, հակառակ միջնորդական ջանքերի, կանգ չէր առնում, ապա ինչո՞ւ չճանաչեցիք Արցախը, և ի՞նչ կարող էր լինել այդքանից հետո: Իսկ երբ նման պնդումներ հնչում են դրսից, թե անգամ դուք չճանաչեցիք, մեզնից ի՞նչ եք ուզում, հասկանում եմ՝ ինչո՞ւ, ի՞նչ քաղաքական նպատակահարմարությունից, կամ՝ պահերի շահերից ելնելով են դա անում: Բայց բանակցային գործընթացի մասնակիցները դեռ կան, մի՞թե իրենք չգիտեին, որ հենց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ էինք պայմանավորվել՝ չշտապել, չհրահրել պատերազմ, չձախողել ՄԽ-ի աշխատանքները»:

Այսինքն, Սերժ Սարգսյանն ասում է, և գուցե հասկացնում, որ չի կարելի քաղաքական և դիվանագիտական պայմանավորվածությունները խախտել, որ թեև բանակցել են Արցախի ինքնորոշման իրավունքի շուրջ, բայց Արցախի անկախությունը չեն ճանաչել, որովհետև խոսք են տվել՝ չեն անի, եթե լայնածավալ պատերազմ չլինի: Այստեղ խոսվում է նրա մասին, ինչում 44-օրյայի ժամանակ Ալիևը մեղադրել էր Նիկոլ Փաշինյանին, որ՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»-ը դուրս էր «վերելակային պայմանավորվածություններից»:

Այս համատեքստում վերադառնանք 2016 թվականի Ապրիլյան մարտական գործողությունների օրեր, և որպես ապացույց Սերժ Սարգսյանի՝ համագումարին հնչած մեկ այլ մտքին, որ բանակն ու դիվանագիտությունը փոխլրացնում էին իրար, մեկ դրվագ հիշեցնենք:
2016-ի ապրիլի 3-ին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանությունների ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ Դավիթ Տոնոյանը հստակ հայտարարել էր. «Հայկական կողմը պատրաստ է ցանկացած զարգացման, անհրաժեշտության դեպքում՝ ընդհուպ մինչև ուղղակի ռազմական աջակցության ԼՂՀ պաշտպանության»:

Մինչդեռ 44-օրյա պատերազմից հետո 168.am-ի հետ զրույցում Արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը խոստովանել էր, որ բանակ-արտաքին գործերի նախարարություն կապը լավ չէր գործում:

«Պետք է լինի փոխլրացում: Բայց ուժային կառույցները, անվտանգությունը և դիվանագիտությունը, հատկապես մեր նման երկրի դեպքում, պետք է միասնական և համադրված աշխատեն: Այս եռամիասնությունը՝ անվտանգություն-բանակ-արտաքին գործերի նախարարություն, անպայման պիտի լինի»,- շարունակել էր նա:

Մի առիթով մենք անդրադարձել ենք ռազմական ղեկավարության և արտաքին քաղաքականության պատասխանատուների և դիվանագիտության պատասխանատվության չափաբաժնին, չի կարող միայն բանակը պատասխան տալ պարտության համար:

Իսկ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 18-րդ համագումարում իր ելույթի հատվածում, ըստ էության, անուղղակի պաշտպանեց ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ պատերազմի 4-րդ օրն ԱԽ նիստում արված առաջարկը Փաշինյանին:

Նշենք, որ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն 2020թ. նոյեմբերի 17-ի իր ուղերձում մի կարևոր դրվագ էր գաղտնազերծել՝ մանրամասնելով.

«Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ:

Նմանատիպ գնահատականներ ես բազմաթիվ անգամ ներկայացրել եմ նաև վարչապետի հետ շուրջօրյա աշխատանքի ընթացքում, ինչպես նաև անվտանգության խորհրդի նիստերում»:

Այնուհետև գեներալ Օնիկ Գասպարյանն իր ուղերձ-հայտարարության մեջ շարունակել էր.

«Պատերազմը որոշակի փուլում կանգնեցնելու բոլոր փորձերը և առաջարկությունները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մերժվել են, և մենք պարտադրված շարունակել ենք մարտական գործողությունները`փորձելով թշնամուն հասցնել մեծ կորուստներ ու ստիպել նստել բանակցային սեղանի շուրջ»:

Չնայած պատերազմի առաջին օրն ունեցած մեր մարդկային, ռազմատեխնիկական և տարածքային որոշակի կորուստներին, Օնիկ Գասպարյանի այս առաջարկի հիմքում, ինչպես մի առիթով գրել ենք, ըստ էության, առաջին հերթին հաշվի է առնվել աշխարհաքաղաքական իրավիճակը, մեր նկատմամբ դաշնակիցների և գործընկերների տրամադրվածությունը և մեր դիվանագիտական կարողությունները:

Այսինքն, ԳՇ պետը զգուշացրել է՝ ամեն մեկ օրն աշխատելու է ի վնաս բանակցային գործընթացի: 

Բանակը 44 օր շարունակ կարողացել է լավ կամ վատ դիմակայել, նույնիսկ, մեր տեղեկություններով, ԳՇ-ն աչքի տակ է ունեցել նաև ևս մի քանի օր պատերազմը ձգվելու հանգամանքը: Այստեղ մի ուշագրավ դրվագ էլ կա. պատերազմից հետո Ալիևը խոստովանել է, որ Ադրբեջանին ևս ձեռնտու էր նոյեմբերի 9-ին կանգնեցնել պատերազմը՝ խուսափելու մեծ կորուստներից:

Երբ Ապրիլյան պատերազմի և 44-օրյա պատերազմի ժամանակ պետության և իշխանությունների գործելաոճի միջև որոշակի համեմատականներ ենք անցկացնում, բնավ չի նշանակում, որ նախքան 2016-ը և դրանից հետո, այդ թվում՝ բանակին առնչվող չարված կամ ուշացած գործողություններ չեն եղել, իհարկե, եղել են: Դա չի նշանակում, որ ճիշտ ենք համարում այն շրջանառված թեզը, թե «Լելե Թեփեն» ռազմավարական նշանակության բարձունք չէր, ոչ: Այլ հարց է՝ արդյո՞ք մի գրչի հարվածով 44-օրյայի ժամանակ բանակի պահած Քարվաճառը, Աղդամը, Լաչինն Ադրբեջանին հանձնած գործող իշխանությունն իրավունք ունի այս թեման դրոշակ դարձնելու, ում օրոք նաև ՀՀ ռազմավարական բարձունքներ են Ադրբեջանի վերահսկողության տակ անցել, և դժվար թե այնտեղից նրանք նահանջեն:

Ի դեպ, շատ է քննարկվում հարցը՝ Ապրիլյան պատերազմում մենք հաղթե՞լ ենք, թե՞…

2016 թվականի ապրիլին Վիեննայից վերադառնալիս ինքնաթիռում հայաստանյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն անկեղծ պատասխանել է այդ հարցին: Մասնավորապես, նա ասել էր, թե կարող է օգտագործել «հաղթանակ» բառը՝ ամփոփելու ապրիլյան իրադարձությունները, բայց ամենաճիշտ ձևակերպումն է՝ «զինված ուժերը կատարել են իրենց առջև դրված խնդիրը՝ ձախողելով հակառակորդի ծրագիրը՝ ճեղքել ու քայքայել հայկական ճակատը»:

Իսկ 2020 թվականի օգոստոսին էլ լրագրողների հետ հանդիպմանը գրեթե նույն տրամաբանության մեջ ասել էր, որ Ադրբեջանը քառօրյայի ժամանակ չի կարողացել հասնել իր առջև դրված ռազմաքաղաքական և ռազմական գերնպատակին, որը բանակցությունների ընթացքը փոխելն էր:

Նշենք, որ Ապրիլյան մարտական գործողություններին հաջորդել էին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք Նիկոլ Փաշինյանի իշխանությունները մի կողմ դրեցին: Իսկ Ապրիլյան պատերազմի թեման չի շրջանցվել նաև Բաքվի «դատավարության» ժամանակ, և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը համարձակություն էր ունեցել դատարանում հայտարարելու՝ «Ապրիլյան պատերազմի օրերին ՊԲ-ն չի եղել հարձակվող կողմը»: Իսկ արդյո՞ք երբևէ Նիկոլ Փաշինյանն ուղիղ Պուտինին մեղադրել է Ապրիլյան պատերազմը կազմակերպելու մեջ, ինչն արել է հեռավար, հարց է…

Leave a Comment