
Ապրիլի 4-ին՝ Ավագ շաբաթ օրը երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Ճրագը խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն:
Հինգ տաղավար տոներից Սուրբ Զատիկը քրիստոնյայի կյանքում կարևոր և մեծագույն տոն է: Այն մեծ ուրախությամբ նշվում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունից ի վեր, որը Քրիստոսի կողմից մեզ պարգևած հաղթանակն է. Նա Իր մահով ջախջախեց մահը:
Ավագ Շաբաթը պատկերն ու օրինակն է արարչության յոթերորդ օրվա, երբ Աստված հանգստացավ Իր բոլոր գործերից: Աստված վեց օրում արարեց ժամանակավոր ու ապականության ենթակա աշխարհը, իսկ յոթերորդ օրը՝ սրբերի հանգիստը: Անցած օրերն Աստված պատվեց արարչությամբ, իսկ այս օրը՝ օրհնությամբ ու սրբությամբ:
Վեցերորդ ժամանակաշրջանում Փրկիչը եկավ կամավորապես չարչարվելու: Այս մեծախորհուրդ շաբաթ օրը հիշատակվում են Տիրոջ թաղումը և հանգիստը գերեզմանում (Մատթեոս 27:57-61): Այս օրը Հիսուսը մարդկանց հոգիների չարչարանքների տունը՝ դժոխքը, ավերեց և բացեց հանգստյան տունը՝ Դրախտը:
Իսկ յոթերորդ ժամանակաշրջանի հասնելուն պես Տերը կրկին պիտի գա և արդարներին շնորհի աշխարհի սկզբից նրանց համար պատրաստված Արքայությունը՝ հավիտենական հանգիստը: