Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել «Մոջահեդին-է Խալկ» ահաբեկչական խմբավորման երկու անդամների, որոնք մեղավոր են ճանաչվել ահաբեկչության մեջ: Այս մասին հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ երկու ահաբեկիչ կախաղան են բարձրացվել Թեհրանում, այն բանից հետո, երբ Իսլամական Հանրապետության Գերագույն դատարանը անփոփոխ է թողել նրանց մահապատիժը։ Գործակալությունը նշում է, որ զինյալները, արտաքին ուղղորդմամբ, Իրանի մայրաքաղաքում իրականացրել են մի շարք զինված հարձակումներ և ռմբակոծություններ։ Նրանք նաև պատասխանատու էին ֆինանսական աջակցության և տների վարձակալության համար, որոնք օգտագործվում էին որպես փոքր հրթիռային կայանքների և ինքնաշեն ռումբերի հավաքման արհեստանոցներ, ինչպես նաև խմբի այլ անդամների համար թաքստոցներ։ Ըստ տեղեկությունների, նրանք կրիպտոարժույթով միջոցներ են ստացել արտասահմանյան համակարգողներից՝ տրանշերով։
Հանցագործները բռնվել են հանցանքի վայրում: Իրանի դատարանը նրանց մեղավոր է ճանաչել զինված ապստամբության, ազգային անվտանգության դեմ դավադրության և Իսլամական Հանրապետության պետական համակարգը տապալելուն ուղղված ահաբեկչական գործողությունների մեջ: Մահապատժի հիմքում ընկած էր ապացույցների հայտնաբերումը, այդ թվում՝ քողարկված հագուստներ, տեսախցիկների տեսագրություններ և մեղադրյալների խոստովանություններ: