Նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Հայաստանի Երկրաբանների միության նախաձեռնությամբ կազմակերպված Երկրաբանի օրվան նվիրված միջոցառմանը, որին ներկա էին պետական կառույցների, ակադեմիական համայնքի, մասնագիտական կազմակերպությունների և միջազգային գործընկերների ներկայացուցիչներ։
Նախարարն հանդես է եկել ելույթով։ Շնորհավորելով երկրաբաններին մասնագիտական տոնի առթիվ՝ նա ընդգծել է նրանց գործունեության ռազմավարական նշանակությունը մեր երկրի զարգացման և բնական ռեսուրսների պատասխանատու կառավարման գործում։
«Երկրաբանի մասնագիտությունը պահանջում է բարձր մասնագիտական գիտելիքներ, ճշգրտություն և պատասխանատվություն, քանի որ ընդերքի պաշարների ուսումնասիրությունն ու գնահատումը պետք է հիմնված լինեն գիտական փաստերի և երկարաժամկետ շահերի վրա»,-նշել է նախարարը։
Իր ելույթում նախարարը կարևորել է կայուն հանքարդյունաբերության զարգացումը՝ հիմնված բնապահպանական հավասարակշռության, սոցիալական պատասխանատվության և տնտեսական արդյունավետության սկզբունքների վրա։ Այս գործընթացում երկրաբանների դերը առանցքային է՝ ռիսկերի գնահատման, կանխարգելման և բնական ռեսուրսների խելամիտ օգտագործման ապահովման գործում ։
Նախարարն անդրադարձել է նաև ոլորտում համագործակցության կարևորությանը, ինչպես նաև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ իրականացվող թվայնացման գործընթացներին, որոնք նպաստում են վերահսկողության արդյունավետության բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և կառավարման մշակույթի արդիականացմանը։
Միջոցառման ընթացքում ստորագրվեցին համագործակցության հուշագրեր և հանձնվեցին պատվոգրեր՝ արժևորելով ոլորտի մասնագետների ներդրումը։
Միջոցառման ավարտին նախարարը վստահություն է հայտնել, որ պետական կառույցների, մասնագիտական համայնքի և մասնավոր հատվածի շարունակական համագործակցությունը կապահովի ոլորտի կայուն զարգացումը և մեր ընդերքի ռեսուրսների պատասխանատու կառավարումը։