6 և ավելի երեխա ունեցող ընտանիքները կստանան 100%-անոց բնակարանային աջակցություն

6 և ավելի երեխա ունեցող ընտանիքները կստանան 100%-անոց բնակարանային աջակցություն

3 ապրիլի 2026 – 16:30 AMT

PanARMENIAN.Net6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար կառավարությունը մշակել է բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր։ Այն ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Նախաձեռնությունը հնարավորություն կտա բազմազավակ ընտանիքներին պետության աջակցությամբ՝ 100 տոկոս սուբսիդավորմամբ ձեռք բերել բնակարան կամ կառուցել սեփական տունը։ Ընդունվելու դեպքում այն ուժի մեջ է մտնելու 2027 թվականի հունվարի 1-ից, հայտնում է Factor.am-ը:

Ըստ առկա տվյալների՝ նման ընտանիքների թիվը 643 է, որից 390 ընտանիք ունի 6 երեխա, 143-ը՝ 7 երեխա, 76-ը՝ 8 երեխա, 26-ը՝ 9 երեխա, 5-ը՝ 10 երեխա, 2-ը՝ 11 երեխա, իսկ 1 ընտանիք ունի 12 երեխա։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ ծրագրի պայմաններին համապատասխանող ընտանիքներին առաջարկվելու է յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով տրամադրել 4 մլն դրամ՝ հիփոթեքային վարկավորմամբ անշարժ գույք ձեռք բերելու կամ տուն կառուցելու նպատակով։ Եթե ընտանիքը ընտրել է գյուղական բնակավայր, ապա նախատեսվում է հավելյալ 4 մլն դրամ, որը կարող է ուղղվել հողամասի կամ գյուղատնտեսական նշանակության տարածքի ձեռքբերմանը։

Նախագծում հաշվի է առնվել նաև ընտանիքների կազմը․ յուրաքանչյուր անդամի համար սահմանվել է նվազագույնը 10 քմ բնակմակերես։ Կադաստրի տվյալների հիման վրա 2025 թվականին մարզերում մեկ քմ անշարժ գույքի միջին արժեքը տատանվել է 150,000-ից մինչև 450,000 դրամի սահմանում։ Միջին հաշվարկով՝ 300,000 դրամի դեպքում 6 երեխա ունեցող ընտանիքին անհրաժեշտ է առնվազն 80 քմ բնակարան, ինչի համար նախատեսվում է 24 մլն դրամ աջակցություն։

Նշվել է նաև, որ ներկայում գործում է միայն մեկ պետական ծրագիր՝ 2020-2026 թվականների բնակարանային աջակցության ծրագիրը, որի շրջանակում տրամադրվող աջակցությունը միանվագ է՝ 500 հազարից մինչև 3 մլն դրամ, իսկ վարկի մարումն իրականացվում է շահառուների կողմից։

Նոր ծրագրի ընդունման դեպքում առաջիկա 10 տարիների ընթացքում պետական բյուջեից պահանջվելու է առավելագույնը 31․9 մլրդ դրամ։ Այս հաշվարկը հիմնված է այն սցենարի վրա, երբ բոլոր ընտանիքները դիմել են ծրագրին, և նրանց կեսը նախընտրել է գյուղական բնակավայրերը։ Գումարները բաշխվելու են ըստ ընտանիքների երեխաների թվի և համապատասխան վարկային պայմանների։

Ծրագրին մասնակցելու համար դիմումները ներկայացվելու են առցանց՝ մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը։ Համակարգը 10 աշխատանքային օրվա ընթացքում ստուգելու է տվյալները և որոշելու՝ դիմողը համապատասխանում է պահանջներին, թե ոչ։ Հաստատման դեպքում տրամադրվելու է էլեկտրոնային հավաստագիր, իսկ մերժման դեպքում՝ համապատասխան հիմնավորում։

Մերժման պատճառների շարքում ընդգրկվել են ՀՀ քաղաքացի չլինելը, տվյալների անհամապատասխանությունը, այլ ծրագրերի շահառու լինելը, եկամտի սահմանաչափը գերազանցելը կամ հայտարարագիր չներկայացնելը։ Բացի այդ, դիմումը մերժվելու է նաև այն դեպքերում, երբ ընտանիքն արդեն օգտվել է այլ բնակարանային ծրագրից։

Նշվեում է նաև, որ եթե տրամադրված աջակցությունը գերազանցում է վարկի չափը, ապա մնացորդը կարող է օգտագործվել կահույքի, վերանորոգման կամ տեխնիկայի ձեռքբերման համար։ Իսկ վարկի գործողության ընթացքում շահառուի մահվան դեպքում վճարումները դադարեցվելու են, եթե ժառանգը չի հանդիսացել ընտանիքի անդամ, և մինչ այդ տրամադրված գումարները չեն վերադարձվելու պետությանը։

Leave a Comment